Նոր Սահմանադրության ընդունման ժամկետներում մենք պետք է ունենանք սահմանափակումներ գոնե մեր մտքում, և ես ստանձնել եմ պարտականություն պատրաստել տեքստը և մաս առ մաս ներկայացնել քննարկման սահմանադրության բարեփոխումների խորհրդին, ու այդպես էլ անում ենք։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան, որ մասնավորապես, Սահմանադրության խորհրդի անդամներից Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ մի շարք հարցեր, մի շարք շրջանառված առաջարկություններ չեն քննարկվել Սահմանադրության նախագծում, Նիկոլ Փաշինյանի հետ չեն քննարկվել, մինչդեռ ինքը հայտարարել է, որ նախագիծը պատրաստ է։
«Խորհրդում քննարկումները շարունակվում են, և տեքստ պատրաստ լինել ասելով կարող ենք մեկնաբանել, թե ինչ ենք հասկանում։ Մեզ համար տեքստը պատրաստ է, իրավական մասը ամբողջությամբ պատրաստ է։ Այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում, և մենք շարունակելու ենք աշխատանքը խորհրդի հետ, որպեսզի չքննարկված հարցեր չմնան։ Պրոցեսը ստատիկ չէ, այնպես չի լինելու, որ տեքստը հրապարակվեց և վերջ։ Մենք տեքստ կամ դրույթներ հրապարակելու ենք, որպեսզի հանրության զգացողությունները շոշափենք ու անդրադարձ ունենանք, կարծիքներ հավաքենք, փոփոխենք, և դրանք նույնպես քննարկվելու են խորհրդի հետ համատեղ։ Այսինքն սա դինամիկ գործընթաց է, որը նաև տևող է և հրապարակումից հետո չի նշանակելու, որ այդ կետում ավարտվում են աշխատանքները։ Աշխատանքները նոր տեմպով շարունակվելու են»,–ասաց Գալյանը։
Նա հավաստիացրեց, որ Նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու հարցը ևս քննարկվելու է խորհրդում. «Խորհրդում էլ են հավաքված մարդիկ, որոնք ունեն շատ տարբեր կարծիքներ և մենք պարտավոր ենք լսել յուրաքանչյուրի կարծիքը։ Բայց վերջում ինչպես կորոշվի ամփոփել նախագիծը, դա կմնա կառավարության հայեցողությանը։ Իսկ դրանից հետո որոշողը լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին»։
Ինչ վերաբերում է նրան, որ մինչև խորհրդի կողմից հաստատելը, Փաշինյանն արդեն հայտարարում է, որ իրենց թիմը կողմ է, որ չլինի անկախության հռչակագրին հղում նոր նախագծում, արդյոք դրանով նա չի ազդում խորհրդի կարծիքի վրա, Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Թող չազդվեն։ Դուք այնպես եք ներկայացնում, որ երբ որ մենք տեքստը հրապարակեցինք, կամ հիմա եթե արվում են հայտարարություններ, ուրեմն վերջ։ Արվում են քաղաքական հայտարարություններ, վարչապետը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, իրավունք ունի հայտարարել այն, ինչ ճիշտ է գտնում։ Խորհրդի անդամներն իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը հրապարակայնորեն, իսկ խորհրդի նիստերն էլ բաց են, եկեք լուսաբանեք»։
Գալյանը նաև տեղեկացրեց, որ նոր սահմանադրությամբ կառավարման կարգի փոփոխություն չի նախատեսվում, «որովհետև պառլամենտարիզմը ժողովրդավարության լավագույն դրսևորումն է մեր ընկալմամբ»։
