Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բետտանը հայտարարել է, որ շոկի է ենթարկվել «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչի ընթացքում հնչած բողոքներից։ Վիեննայում նրա ելույթի ժամանակ դահլիճում լսվել են «Կանգնեցրեք ցեղասպանությունը» կոչեր, իսկ «Ազատ Պաղեստին» գրությամբ մի քանի հանդիսատես հեռացվել են։
Առաջին լրատվականը փոխանցում է, որ երգիչը նշել է, որ պատրաստ էր նման արձագանքի, բայց իրական իրավիճակը շատ ավելի ծանր էր։ «Մի պահ շոկ ապրեցի, բայց հետո կենտրոնացա ինձ աջակցող մարդկանց վրա»,- ասել է նա։
Իսրայելի մասնակցությունը մրցույթում քննադատությունների կենտրոնում է Գազայի պատերազմի պատճառով։ Այս տարի հինգ երկրի հանրային հեռարձակողներ բոյկոտել են մրցույթը՝ հայտարարելով, որ Իսրայելի ներկայությունն անհամատեղելի է իրենց արժեքների հետ։ Չնայած բողոքներին՝ Բետտանը անցել է եզրափակիչ և կրկին ելույթ կունենա շաբաթ օրը։
