Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ապամոնտաժվել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի 21-մետրանոց արձանը։ Սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել տեսանյութեր, թե ինչպես են հսկայական կառույցը հատուկ հարթակի վրա տեղափոխում դեպի պահեստարան։

Արձանը հեռացնելու որոշումը կայացվել է տեղի բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո։ Տեղացիները նկատել են, որ ուժեղ քամիների ժամանակ հսկա մոնումենտը սկսում է տատանվել՝ սպառնալիք ներկայացնելով անցորդների համար։

Այս հուշարձանը կանգնեցվել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի՝ Հնդկաստան կատարած տուրնեի ընթացքում: Արձանի աշխատանքների վրա աշխատել էր 45 հոգուց բաղկացած մասնագետների թիմ, որից պահանջվել էր 27 օր։

Լիոնել Մեսսին ընդգրկվել է Արգենտինայի ընտրանու վերջնական հայտացուցակում՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Արգենտինացիները, որոնք պաշտպանելու են գործող չեմպիոնի տիտղոսը, խմբային փուլում ուժերն են չափելու Ալժիրի, Ավստրիայի և Հորդանանի հավաքականների հետ։

Share.