Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռամադանի սուրբ ամսին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները նպատակ ունեն անհամաձայնություն սերմանելու իսլամական աշխարհում: Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել իր թելեգրամյան ալիքում:
«Ռամադանի սուրբ ամսին Իրանի վրա դավաճանական հարձակում սկսելով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են պառակտել ամբողջ իսլամական աշխարհը: Այս հարձակման արդյունքում զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, նրա ընտանիքի անդամները, Մենաբ քաղաքի միջնակարգ դպրոցի 168 աշակերտ և բազմաթիվ խաղաղ բնակիչներ»,- գրել է նա:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը Թեհրանին «դիտավորյալ հրահրել են» հակահարված տալ՝ հակամարտության մեջ ներքաշելով երրորդ երկրներին: Մարտավարական տեսանկյունից ամերիկյան բազաների վրա պատասխան հարվածը «սպասելի պաշտպանական արձագանք» էր, բայց քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները և քաղաքացիական կյանքի կորուստը «ոչ մի կերպ չեն կարող արդարացվել»:
Կադիրովն աջակցել է ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի դիրքորոշմանը, որը հայտարարել էր «պատերազմական դրություն» և երկրի քաղաքացիներին պաշտպանելու անհրաժեշտությանը՝ ԱՄԷ-ի վրա Իրանի կողմից հարվածներից հետո: Չեչնիայի առաջնորդը նշել է, որ ԱՄԷ-ն պատմականորեն ռազմական պահանջներ չի ունեցել իր հարևանների նկատմամբ, բայց ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել բնակչությանը պաշտպանելու համար: Նա Պարսից ծոցի երկրներին կոչ է արել համակարգել իրենց գործողությունները:
