Մադրիդի «Ռեալի» ճամբարում լարված իրավիճակ է։ Թիմի ֆուտբոլիստներ Օրելիեն Չուամենիի և Ֆեդերիկո Վալվերդեի միջև կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի, որի հետևանքով ուրուգվայցի կիսապաշտպանը հայտնվել է հիվանդանոցում։
Ինչպես հաղորդում է Marca-ն, սա խաղացողների միջև վերջին օրերի ընթացքում ծագած արդեն երկրորդ միջադեպն է։ Ըստ Carrusel Deportivo-ի աղբյուրների՝ հանդերձարանում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ Վալվերդեն վայր է ընկել և գլխով ուժգին հարվածել սեղանին ու վնասվածք ստացել: Ֆուտբոլիստին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։
Հայտնի է, որ միջադեպից հետո «Ռեալը» կարգապահական վարույթ է սկսել։ Ակնկալվում է, որ մեղավոր ֆուտբոլիստները խստագույնս կպատժվեն ակումբի ղեկավարության կողմից։
Թիմի ներսում այս լարվածությունն առաջացել է Իսպանիայի առաջնության վճռորոշ հանդիպումից առաջ։ Մայիսի 10-ին, մադրիդյան ակումբն արտագնա խաղում ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ։
Հանդիպումն ունի սկզբունքային նշանակություն, եթե «Ռեալն» այս խաղում միավորներ կորցնի, ապա կատալոնական ակումբը ժամկետից շուտ կապահովի Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։
