Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարող է մահացած լինել, բայց Իրանի հետ պատերազմը դեռ հեռու է ավարտից․ Washington Post-ի իր հոդվածում գրում է Դևիդ Իգնատիուսը։
Ավելի քան 45 տարի ԱՄՆ նախագահները երազում էին Թեհրանի արմատական հակաամերիկյան վարչակարգը ոչնչացնելու մասին։ Բոլորն էլ համարում էին, որ պատերազմի ռիսկերը չափազանց մեծ են՝ մինչև որ Դոնալդ Թրամփը շաբաթ առավոտյան Իսրայելի հետ համատեղ հարձակում սկսեց։
Թրամփը հայտարարեց, որ մասշտաբային ավիահարվածները հանգեցրել են Խամենեիի մահվանը։ Սակայն ծեր և տկար Խամենեիի սպանությունը նույնը չէ, ինչ իշխանափոխությունը։ Հաջորդ քայլի վերաբերյալ ծրագրերն անորոշ են մնում․ ոչ ամերիկյան, ոչ իսրայելական պաշտոնյաները դեռ չեն պարզաբանել, թե ինչ է լինելու հետո։
Պատերազմները միշտ ավելի հեշտ է սկսելը, քան ավարտելը, հատկապես եթե քաղաքական նպատակը վարչակարգի տապալումն է, այլ ոչ թե հստակ սահմանված ռազմական խնդիրը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում էր, թե Կիևը կվերցնի մեկ շաբաթում։ Իսրայելը հույս ուներ մի քանի ամսում ճնշել «ՀԱՄԱՍ»-ին։ Սակայն պատերազմները, որոնց նպատակը վարչակարգի ոչնչացումն է, այդքան հեշտությամբ չեն ավարտվում։
Հենց նախագահը պատերազմ է սկսում, նա պարտավորվածություն է զգում այն հասցնել հաղթական ավարտին։ «Սկսել ես՝ հաղթիր»,— սիրում են ասել գեներալները։ ԱՄՆ-ի համար սա կարող է լինել պատերազմ՝ սեփական հայեցողությամբ, բայց դրանից հեշտ ելք չի երևում։
Մինչև շաբաթ օրը Թրամփը, թվում էր, նախապատվությունը տալիս էր պատերազմի, այսպես կոչված, «վիկինգյան» եղանակին․ արագ ներխուժել և դուրս գալ՝ օգտագործելով արագությունն ու անակնկալի գործոնը՝ կապիտուլյացիայի հասնելու համար։ Սակայն առաջին իսկ ժամերին հակամարտությունն արդեն սրվեց․ շաբաթ երեկոյան կրակը համակել էր Բահրեյնի, Դուբայի, Աբու Դաբիի և Իսրայելի օբյեկտները։ Իրանը նաև փակեց Հորմուզի նեղուցը՝ դադարեցնելով նավթի մատակարարումները։
Բահրեյնի անվտանգության հարցերով խորհրդականը հայտնել է, որ իրանական 14 անօդաչու սարք գրոհել է ԱՄՆ հինգերորդ նավատորմի նավահանգստային բազան։ Տեսագրություններում լսվում է Shahed անօդաչուի բնորոշ ձայնը, ապա թիրախին հարվածելուց հետո առաջացած բռնկումը։ Նման հարձակումները սովորաբար ցնցում են հակառակորդին այն պատերազմներում, որոնց մասնակցում է Ամերիկան։ Խորհրդականը նշել է, որ բահրեյնցիները շփոթված էին, թե ինչու են ԱՄՆ ուժերն անզոր թվում անօդաչուների դեմ։
Չպետք է սխալվել․ Թրամփը հայտարարել է գործողության մաքսիմալիստական նպատակների մասին։ Շաբաթ առավոտյան նրա հայտարարությունը հնչում էր որպես չափազանցված հռետորաբանություն․ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին, զինված ուժերին և ոստիկանությանը ասում եմ՝ վայր դրեք զենքը և ստացեք լիակատար անձեռնմխելիություն։ Հակառակ դեպքում ձեզ մահ է սպասվում։ Այնպես որ՝ վայր դրեք զենքը»։
Նա կրկին կոչ արեց իրանցի ժողովրդին ապստամբել վարչակարգի դեմ, որը, նրա գնահատմամբ, հունվարին ավելի քան 30,000 ցուցարարի է սպանել։ «Երկար տարիներ դուք Ամերիկայի օգնությունն էիք խնդրում։ Բայց այն չկար․․․ Հիմա դուք ունեք նախագահ, որը ձեզ տալիս է այն, ինչ ուզում եք։ Տեսնենք, թե ինչպես կարձագանքեք։ Ամերիկան ձեզ աջակցում է անհավանական ուժով և կործանարար հզորությամբ․․․ Հիմա գործելու պահն է։ Բաց չթողնեք այն»։
ԱՄՆ-ի հիմնական եվրոպական դաշնակիցների հետ զրույցները ցույց տվեցին արագ դիվանագիտական կարգավորման նրանց ցանկությունը։ Մեծ մասը հարձակումը սխալ էր համարում։ Մեծ Բրիտանիան մերժել է օգտագործել Դիեգո Գարսիայի կարևոր լիցքավորման բազան, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան մտահոգված էին։ Միայն Իսրայելն էր ակտիվորեն սատարում հարվածին։ Տեղի ունեցածից հետո դաշնակիցները հույս կունենան, որ Թրամփն արագ արդյունքի կհասնի, որը կկարողանա հաղթանակ անվանել։
Ինձ ամենից շատ մտահոգում է այն, որ հակամարտությունը կարող է երկարաձգել իրանական վարչակարգի գոյությունը, որը, թվում էր, կործանման եզրին էր։ Ծերացող առաջնորդը ժողովրդականություն չէր վայելում, իսկ իրանցիներն արդեն զբաղված էին ժառանգորդության գործընթացով։ Միակ բանը, որը կարող է վերականգնել նրա ներկայացրած կոշտ խմբավորման հեղինակությունը, նրա նահատակությունն է։
ԱՄՆ հրամանատարությունն ընդգծում էր, որ հարվածներն ուղղված են ռազմական օբյեկտներին՝ վարչակարգի անվտանգության ապարատի ոչնչացմանը։ Արևմտյան մի պաշտոնյա հայտնել է, որ Իրանի հետախուզության կենտրոնակայանի վրա հարձակումների հետևանքով առնվազն չորս բարձրաստիճան հրամանատար է սպանվել։ «Ամեն ինչ փլուզվում է․ մենք դա տեսնում և զգում ենք»,- ասել է նա։
Սակայն, ինչպես Ռուսաստանը, Իրանը նույնպես ունակ է տառապանքներ կրել, իսկ նահատակությունը հզոր մոտիվացիա է։ Փորձը հուշում է, որ հետպատերազմյան ռազմավարությունը պետք է լինի խելացի և համարձակ՝ ժողովրդի փոփոխությունների ձգտմանը սատարելու համար։
Կարելի է հուսալ, որ պատերազմը կարճ կլինի։ Սակայն ԱՄՆ-ն արդեն լրջորեն ձեռնամուխ է եղել վարչակարգի փոփոխության արշավին, և սա, ամենայն հավանականությամբ, կլինի ձգձգվող հակամարտություն՝ բազմաթիվ վտանգավոր պահերով։ Նման պայմաններում Թրամփը հատուկ պատասխանատվություն է կրում ամերիկացի ժողովրդի առաջ՝ բացատրելու իր գործողությունները և ապահովելու գործը մինչև վերջ հասցնելու հնարավորությունը։ Սա «մեկ անգամ և վերջ» չէ։
