ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով 10 անձ է ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։ Այս մասին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Մինչ այդ Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը։
Նրանք նաև վանկարկում էին «Սամվել, Սամվել», «Սամվել, վարչապետ»։ Լոռիում ՔՊ–ի քարոզարշավը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը (արձակուրդում է գտնվում) դրանից հետո սկսեց մեքենայից բղավել, որ նրանց գործողությունները քրեորեն պատժելի են։
«Ճանապա՛րհ, բացե՛ք ճանապարհը։ Հիմա դուք հանցագործություն եք կատարում, քրեորեն պատժելի արարք է։ Մենք քաղաքական դաս կտանք ձեզ ցուցում տվողներին»,– դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցներին` ասաց Պապիկյանը։
Նա ոստիկաններին հրահանգեց կարգի հրավիրել քաղաքացիներին և նրանց անվանեց «կարգազանց խուլիգաններ»։
Կարապետյանի կողմնակիցների պատնեշը ճեղքելով` Պապիկյանը հանդարտվեց և սկսեց իրենց աջակիցների հետ միասին վանկարկել` «Նիկոլ, վարչապետ»։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
