Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները «լավ մեկնարկ» է որակել, հաղորդում է IRIB-ը։
Ըստ նրա՝ Իրանը և ԱՄՆ-ը մտադիր են շարունակել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, սակայն նախ խորհրդակցություններ կանցկացնեն իրենց մայրաքաղաքներում։
«Ընդհանուր առմամբ, դա լավ մեկնարկ էր, բայց դրանց շարունակությունը կախված է նրանց մայրաքաղաքներում անցկացվելիք խորհրդակցություններից»,- ընդգծել է նա, հաղորդում է ТАСС-ը։
Արաղչին հավելել է, որ շփումները շարունակելու վերաբերյալ վերջնական որոշումը կհրապարակվի ավելի ուշ։
Արաղչին ավելի վաղ նշել էր, որ կայուն համաձայնագրի համար անհրաժեշտ են հավասար դիրքորոշումներ և փոխադարձ հարգանք։ Նա ընդգծել է, որ Թեհրանը դիվանագիտություն է վարում բաց աչքերով՝ հիշելով 2025 թվականի իրադարձությունները։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին փետրվարի 3-ին հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ թուլացնել իր միջուկային գործունեությունը ԱՄՆ-ի կողմից փոխադարձ քայլերի դիմաց։ Նա հայտարարել է, որ Իրանը կարող է ուրանի հարստացման մակարդակը 60%-ից իջեցնել մինչև 20%, եթե Վաշինգտոնը փոխզիջման պատրաստակամություն ցուցաբերի։
