Իրանի իրավապահ մարմինները Յազդ նահանգում ձերբակալել են մի աղանդի հիմնադրի, որը ներկայանում էր որպես Հիսուս Քրիստոս։ Այս մասին հայտնել է նահանգի դատախազ Մեհդի Հասանփուրը։
«Աղանդի պարագլուխը սկզբում պնդում էր, թե Աստծո ընտրյալն է, իսկ հետո հայտարարել էր իր աստվածային ծագման մասին՝ մատնանշելով Հիսուս Քրիստոսին։ Սնահավատություն սերմանելով՝ նա իր հետևորդներին պարտադրում էր տարօրինակ ճգնավորական ծիսակարգեր կատարել և նրանց օգտագործում սեփական շահադիտական նպատակների համար», – դատախազի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։
Դատախազի փոխանցմամբ՝ աղանդի անդամները այրել են Ղուրանը, պղծել սրբավայրերը, վիրավորել մուսուլման հոգևորականներին, ինչպես նաև աղոթքներ կարդացել՝ հայցելով Իսրայելի հաղթանակն Իրանի նկատմամբ։ Նա նշել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է երեք մարդ, ովքեր առանցքային դերակատարում են ունեցել աղանդի գործունեության մեջ։
