Իրանի Իսլամական Հանրապետությունում ավտովթարի հետևանքով զոհվել է Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս Ռամիլ Ռզա օղլու Իմրանովը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ ադրբեջանական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ դիվանագետը մահացու ավտովթարի է ենթարկվել Ջուլֆա-Թավրիզ ավտոմայրուղու վրա՝ Մարանդի մերձակայքում, ծառայողական պարտականությունները կատարելիս։
«Մեզ խորապես ցնցեց մեր հարգարժան դիվանագետ գործընկերոջ մահվան լուրը, որը զոհվել է իր վարած ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով։ Այս ծանր օրը մենք խորին ցավակցություն ենք հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին, մաղթում համբերություն»,- նշված է X-ում (նախկին Twitter) Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական միկրոբլոգում արված հրապարակման մեջ։
