ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ կշարունակվի առնվազն եւս երկու-երեք շաբաթ, հաղորդել է Axios պորտալը՝ հղում կատարելով Իսրայելի կառավարության աղբյուրներին։
Պորտալի զրուցակիցները նշել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տրամադրված է շարունակել գործողությունը՝ չնայած հստակ սահմանված հանրային նպատակների բացակայությանը։ Սակայն Իսրայելը վախենում է, որ Թրամփը կարող է անսպասելի քայլեր ձեռնարկել եւ հանկարծակի դադարեցնել մարտական գործողությունները՝ հայտարարելով Իրանի նկատմամբ հաղթանակի մասին այս կամ այն պատրվակով։
Երեքշաբթի երեկոյան Թրամփի հետ զրուցած ամերիկյան աղբյուրը նույնպես հաստատել է, որ նախագահը «ոգեւորված» է մարտական գործողությունները շարունակելու մտադրությամբ։ Սակայն ԱՄՆ-ը այժմ մտադիր է ռազմական գործողությունների ընթացքում ուշադրությունը կենտրոնացնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա՝ պետական ապարատը թուլացնելու եւ զանգվածային բողոքի ցույցեր հրահրելու նպատակով։
