Իրանի վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը կարող է վերաճել ձգձգվող հակամարտության, որը Միացյալ Նահանգների համար ավելի բարդ կլինի, քան  Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առեւանգման գործողությունը, գրել է New York Times թերթը՝ հղում կատարելով փորձագետներին։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսում է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտնել է, որ նման հնարավորությունը չի բացառում։

«Այժմ, երբ Թրամփը դիտարկում է Իրանի կառավարության դեմ գործողությունների տարբերակներ, ներառյալ սահմանափակ հարվածները, փորձագետները նախազգուշացնում են, որ Իրանի վրա հարձակումը զգալիորեն ավելի բարդ կլինի, քան գործողությունը Վենեսուելայում, եւ հնարավոր է, որ ԱՄՆ-ին ներքաշի ձգձգվող հակամարտության մեջ»,- գրել է պարբերականը։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ «հսկայական նավատորմ» է ուղարկում դեպի Իրան, եւ հույս էր հայտնել, որ Իրանի իշխանությունները կհամաձայնեն նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ կնքել «արդար եւ իրավահավասար» գործարք, որը ենթադրում է լիակատար հրաժարում միջուկային զենքից։ Միեւնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին փետրվարի 8-ին ընդգծել էր, որ իսլամական հանրապետությունը պնդում է, որ երկիրն իրավունք ունի հարստացնել ուրանը, եթե անգամ դա հանգեցնի պատերազմի։

Share.