Հում նավթով բեռնված քուվեյթյան լցանավը (Al-Salmi) Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ նավահանգստում ենթարկվել է Իրանի ուղղակի հարձակմանը, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին ասված է X սոցիալական ցանցում Քուվեյթի նավթային կորպորացիայի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջադեպի պահին լցանավը լիովին բեռնված է եղել։ Հարձակման հետևանքով նավի տախտակամածում հրդեհ է բռնկվել։

Կազմակերպությունը հաստատել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում վնասի ճշգրիտ չափը գնահատելու ուղղությամբ։

«The Guardian»-ի տվյալներով՝ լցանավը բեռնված է եղել 2 միլիոն բարել հում նավթով։ Նավի վրա եղել է 24 մարդ, նրանք բոլորն անվտանգ վայրում են։

Նավի սեփականատերը՝ Քուվեյթի նավթային կորպորացիան, սկզբում զգուշացրել էր նավթի արտահոսքի վտանգի մասին։ Սակայն ավելի ուշ Դուբայի իշխանությունները հաստատել են, որ շրջակա ջրեր նավթի արտահոսքից հաջողվել է խուսափել։

«Փրկարարական խմբերը հաջողությամբ մեկուսացրել են քուվեյթյան նավթակիր լցանավի հետ կապված միջադեպը Դուբայի տարածքային ջրերում, նավթի արտահոսք չի եղել, տուժածներ չկան»,-հայտնում է Dubai Media Office-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Share.