Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, գեներալ Ալի Մոհամմադ Նաեյնին խոստացել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ Իրանի պատասխան հարվածներն ավելի կործանարար կլինեն, հայտնում է Tasnim-ը:
Մեկնաբանելով «Ճշմարիտ խոստում-4» գործողության ընթացքում Իսրայելի տարածքում գտնվող թիրախները և տարածաշրջանում ամերիկյան բազաներին հասցված Իրանի հարվածները՝ գեներալ Ալի Մոհամմադ Նաեյնին երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական պատասխանը ներկայիս պատերազմի առաջին և երկրորդ օրերին ավելի հզոր և կործանարար է եղել, քան 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ժամանակ։
Նա հավելել է, որ իրանական հրթիռները արդիականացվել են և ավելի կատարելագործված են, քան նրանք, որոնք օգտագործվել են անցյալ տարվա պատերազմում։ Թիրախներին հարվածած հրթիռների քանակը գերազանցել է թշնամիների սպասելիքները և նրանց անակնկալի է բերել, հայտարարել է գեներալ Նաեյնին։
«Թշնամիները պետք է անդադար հարձակումներ ակնկալեն Իրանի կողմից», — շարունակել է նա՝ հավելելով, որ «ամեն վայրկյան դժոխքի դարպասները ավելի լայն կբացվեն» ԱՄՆ-ի և Իսրայելի համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ընթացքում սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել Հարավային Լիբանան։
