Իրանի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ամերիկյան ականակիր նավն անցել է Հորմուզի նեղուցով։ Այս հայտարարությունը նա արել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։
Նրա խոսքով՝ «ամերիկյան ռազմանավը զգուշացվել է այն մասին, որ կդառնա թիրախ 30 րոպեի ընթացքում, եթե շարունակի շարժը դեպի Հորմուզի նեղուց»։ Զինված ուժերի «կոշտ եւ ոչ երկիմաստ նախազգուշացումից հետո ամերիկյան նավին արգելվել է մոտենալ Հորմուզի նեղուցին», ընդգծել է պետհեռուստատեսությունը։
Ավելի վաղ Axios ամերիկյան պորտալի եւ իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը, հղում կատարելով ամերիկացի պաշտոնատար անձանց, հանդես էր եկել հավաստիացմամբ, որ ԱՄՆ ՌԾՈւ մի քանի նավեր շաբաթ օրն անցել են Հորմուզի նեղուցով՝ առանց Իրանի հետ համաձայնեցնելու։
