Իրանի զինված ուժերը շարունակում են հսկել Հորմուզի նեղուցը և կոչ են անում բոլոր նավերին ձեռնպահ մնալ Թեհրանի համաձայնության բացակայության դեպքում տարանցումից: Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին:
«Մենք անում ենք ամեն ինչ՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու և իրավիճակը կառավարելու համար։ Մենք կոչ ենք անում բոլոր առևտրային նավերին և նավթատար նավերին զերծ մնալ ցանկացած տարանցիկ գործողություններից՝ առանց Հորմուզի նեղուցում տեղակայված զինված ուժերի հետ համաձայնեցման, որպեսզի չվտանգվի նրանց անվտանգությունը», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։
Աբդոլլահին զգուշացրել է, որ ցանկացած օտարերկրյա ռազմական ուժ, մասնավորապես՝ ԱՄՆ զինված ուժերը, կենթարկվեն թիրախի, եթե փորձեն մոտենալ կամ մտնել Հորմուզի նեղուց։
