ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը գտնվում է բոլոր կողմերի վերահսկողությունից դուրս գալու եզրին, իսկ հակամարտության էսկալացիան մեծացնում է համաշխարհային ռեցեսիայի ռիսկը։ Այս մասին ասված է Global Times թերթի խմբագրական հոդվածում։

«Արդեն մեկ ամիս է անցել այն պահից, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են ռազմական հարվածներ հասցնել Իրանին։ Այդ հակամարտությունը, որը նախաձեռնվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ առանց որևէ արդարացման և բանակցությունների ֆոնին, այդպես էլ չհասնելով իր այսպես կոչված պլանավորված նպատակներին՝ աստիճանաբար հայտնվել է վերահսկողության կորստի եզրին։ Հայտնի չէ, թե ինչպես կավարտվի այս հակամարտությունը, սակայն դրա աշխարհաքաղաքականության և համաշխարհային կարգի վրա դրա ցնցող ազդեցությունն արդեն իսկ ակնհայտ է», – գրում է պարբերականը։

Թերթը նշում է, որ ԱՄՆ կառավարությունն ի սկզբանե կանխատեսում էր, որ Իրանի դեմ պատերազմը կտևի չորսից հինգ շաբաթ, իսկ ավելի ուշ բազմիցս հայտարարել էր, թե ամեն ինչ շուտով կավարտվի։ «Փաստերը հակառակն ապացուցեցին. հենց որ ժամանակակից պատերազմը սկսվում է, այն «պլանավորված սցենարով» կանգնեցնելը դառնում է չափազանց դժվար։ Արագ և վճռական հաղթանակի հասնելու համար ԱՄՆ-ի և Իսրայելի փորձն այժմ ձախողվել է, իսկ Մերձավոր Արևելքում անմիտ ռազմական միջամտության հետևանքները դառնում են ավելի ու ավելի ակնհայտ», – ասված է մեկնաբանության մեջ։

Global Times-ը նշում է, որ այս հակամարտությունն արդեն իսկ առաջացրել է էներգետիկ ճգնաժամ, խաթարել մատակարարման շղթաները և տնտեսական անորոշություն հրահրել ամբողջ աշխարհում։ «Եթե հակամարտության էսկալացիան շարունակվի, ապա համաշխարհային ռեցեսիայի ռիսկը զգալիորեն կաճի՝ հարվածի տակ դնելով բոլոր երկրների ժողովուրդների ընդհանուր շահերը», – գրում է պարբերականը

Թերթն առավել տագնապալի ազդանշան է համարում թիրախների ընտրության հարցում սահմանափակումների վերացումը։ «Պատերազմն այլևս չի սահմանափակվում ռազմական օբյեկտներով։ Երկու կողմերն էլ սկսել են հարվածներ հասցնել քաղաքացիական կարևորագույն ենթակառուցվածքներին, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին, աղազերծման կայաններին և էլեկտրակայաններին։ Այս օբյեկտները կենսական նշանակություն ունեն ազգային տնտեսության և առօրյա կյանքի համար։ Հենց որ փոխադարձ ոչնչացման ռեժիմը նորմալ դառնա՝ դա կհանգեցնի էլ ավելի ծանր հումանիտար աղետների», – ասված է հոդվածում։

«Ներկա իրավիճակը լի է անորոշությամբ, սակայն այն նաև լարվածության թուլացման պոտենցիալ հնարավորություն է պարունակում։ ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը շարունակվող դիմակայության ընթացքում բախվում են ավելի զգալի դարձող ճնշումների, ինչն էապես սահմանափակում է նրանց ռազմավարական դաշտն ու որոշումների կայացման հնարավորությունները։ Ավելի վաղ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը բանակցությունների պատրաստակամության ազդակներ էին հղել։ Առանցքայինն այն է, թե արդյոք բոլոր կողմերը կկարողանան ճնշման ներքո պահպանել ռազմավարական զսպվածությունը, աստիճանաբար վերականգնել հաղորդակցության մեխանիզմները լարվածության նվազեցման սահմանափակ միջոցների պայմաններում և հիմքեր ստեղծել հետագա քաղաքական լուծումների համար։ Հակամարտությունն այժմ գտնվում է վերահսկողության լիակատար կորստի եզրին, որտեղ յուրաքանչյուր սխալ և յուրաքանչյուր էսկալացիա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ուստի, հակամարտության բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստությունն ու բանականությունը, հրաժարվեն առճակատման մտածողությունից և բաց չթողնեն խաղաղության անցողիկ հնարավորությունը», – գրում է թերթը։

Share.