Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ նոր ագրեսիան ԱՄՆ-ի համար աղետալի կլինի։

«Պատմությունը կարձանագրի, որ իրանցի ժողովուրդը Պարսից ծոցում և Օմանի ծովում խորտակեց ամերիկյան գերտերությանը», – Ռեզայի հայտարարությունը մեջբերում է իրանական Press TV հեռուստաալիքը։

«Պետք է սպասել, որ մենք նրանց մեծ թվով զինծառայողների գերի կվերցնենք», – հավելել է Խամենեիի խորհրդականը։

Իրանցի պաշտոնյայի կարծիքով՝ ԱՄՆ-ի համար «ամենաքիչ ծախսատար տարբերակը» կլիներ ընդունել այն տասը պայմանները, որոնք Իրանը առաջադրել է իրավիճակի կարգավորման համար։

Ռեզային նաև հերքել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վատ վիճակի մասին լուրերը։ Նա նոր առաջնորդին անվանել է «երիտասարդ, առողջ և եռանդուն» և հայտարարել, որ նա «խոհեմորեն ղեկավարում է երկրի գործերը»։

«Սպանված առաջնորդի համար վրեժը մնում է ուժի մեջ և կիրականացվի միայն Իսրայելի ոչնչացումից հետո», – հավելել է Ռեզային։

Իր հերթին, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին խոստացել է արագ պատասխան ԱՄՆ-ի ռազմական գործողություններին Իրանի դեմ։

«Եթե նրանք ևս մեկ քայլ մոտենան, մենք անհապաղ օպերատիվ միջոցներ կձեռնարկենք», – ասել է Իրանին։

Հրամանատարը նշել է, որ Վաշինգտոնը սխալմամբ ենթադրում էր, թե կկարողանա կարճ ժամանակում հաղթել Թեհրանին։ «Այժմ հենց այդ ենթադրությունն էլ վերածվել է կատակների ռազմական ակադեմիաներում», – հավելել է Իրանին։

«Մենք միավորված ենք մինչև մեր արյան վերջին կաթիլը՝ մեր նահատակների համար վրեժ լուծելու համար», – ընդգծել է նա։

Share.