Իրանը 10 անգամ ընդլայնել է իր գործողությունների գոտին Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Մոհամմադ Աքբարզադեն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ներկա պահին նոր ծրագրի շրջանակներում Հորմուզի նեղուցի սահմանները զգալիորեն ընդլայնվել են… Այլ կերպ ասած՝ Հորմուզի նեղուցը դարձել է «ավելի մեծ»՝ վերածվելով ընդարձակ օպերատիվ գոտու»,-նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Ըստ նրա՝ նախկինում Իրանը Հորմուզի նեղուցի գոտի էր համարում մինչև 30 մղոնանոց հատվածը՝ Հորմուզ կղզուց մինչև Հենգամ կղզի։ Այնինչ հիմա, Աքբարզադեի խոսքով, դա 200-300 մղոնանոց հատված է, որը ներառում է նեղուցից դեպի արևելք գտնվող Ջասկ նավահանգստային քաղաքի ափամերձ գոտին և դուրս է գալիս Ղեշմ ու Մեծ Թոմբ կղզիների սահմաններից՝ բուն ջրային ուղուց դեպի արևմուտք։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, և ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհայտնվեց։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակումից հետո իրանական ուժերը վերականգնեցին ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Share.