Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված անձանց մահապատիժ է սպառնում։ Այս մասին զգուշացրել է Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին։
«Դատական կարգադրություն է արձակվել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ վարչակարգերի հետ համագործակցած որոշ անձանց պատկանող գույքի բռնագրավման և սառեցման մասին։ Այս հոդվածով նախատեսված մյուս պատժամիջոցը մահապատիժն է։ Քննությունից հետո, այն անշուշտ որպես օրինական պատժամիջոց կկիրառվի մեղավորների նկատմամբ։ Մենք զգուշացնում ենք բոլոր այն տարրերին, որոնք փորձում են սպառնալ ժողովրդի անվտանգությանը. սպառնալիք դառնալու փորձերի դեպքում նրանք կբախվեն վճռական իրավական միջոցների և որևէ ներողամտություն չի լինելու»,- նրա խոսքերն է մեջբերում SNN հեռուստաալիքը։
Մարտի 15-ին Իրանի ոստիկանապետ, գեներալ Ռեզա Ռադանը հայտնել էր, որ իրավապահ մարմինները փետրվարի 28-ից ի վեր հակառակորդի հետ համագործակցության կասկածանքով ձերբակալել են 500 մարդու։
