Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտնել է, որ Իրանից երկու հրթիռ է արձակվել Կիպրոսի ուղղությամբ, որտեղ տեղակայված են բրիտանական ռազմաբազաները, տեղեկացնում է The Independent-ը։

«Գրեթե վստահ ենք, որ դրանք մեր բազաների դեմ չէին ուղղված»,- ասել է Ջոն Հիլին։

Միևնույն ժամանակ Հիլին նշել է, որ «դա ցույց է տալիս, թե որքան անխտիր է» Իրանի պատասխան հարվածը։

Նա նաև պատմել է, որ Միացյալ Թագավորության 300 զինծառայող գտնվել է Բահրեյնում թիրախների մոտակայքում։ «Նրանցից ոմանք հրթիռային հարվածներից մի քանի հարյուր յարդ հեռավորության վրա են եղել»,- ասել է նա։

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը ելույթ է ունեցել հեռուստատեսության առավոտյան եթերում այն բանից հետո, երբ վարչապետ Քիր Սթարմերը հայտնել էր, որ Բրիտանիան հրամայել է «ինքնաթիռներ բարձրացնել երկինք» Մերձավոր Արևելքում՝ պաշտպանական գործողություններ իրականացնելու համար։

Հիլին կրկնել է վարչապետի կոչերը՝ դադարեցնել հրթիռային հարվածները և «հրաժարվել տարածաշրջանում աճող անվերահսկելի անխտիր հարձակումներից», ինչպես նաև «հրաժարվել սպառազինության ծրագրերից»։

Ավելի վաղ Բրիտանիան պնդել էր, որ չի մասնակցել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությանը։

Share.