Իրանը հրաժարվել է բանակցել Դոնալդ Թրամփի գլխավոր բանագնացների՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Կուշների հետ՝ մեղադրելով նրանց թիկունքից հարվածելու մեջ: Այս մասին գրում է The Telegraph-ը:
«Իրանցիները չեն նստի բանակցությունների սեղանի շուրջ Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց պարոն Ուիթքոֆի և պարոն Թրամփի խորհրդական ու փեսա պարոն Քուշների հետ՝ փետրվարին կայացած բանակցություններից ընդամենը ժամեր անց Թեհրանին հասցված ռազմական հարվածների պատճառով»,- The Telegraph-ին հայտնել են Ծոցի երկրների աղբյուրները:
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով հակամարտության ընթացքում հիմնականում լռություն էր պահպանում, այժմ ներկայացվում է որպես գլխավոր բանակցող, եթե այս շաբաթվա վերջին Պակիստանի Իսլամաբադ քաղաքում նոր քննարկումներ սկսվեն:
«Վենսը նախընտրելի է: Նրանք չեն ցանկանում աշխատել Ջարեդի և Ուիթքոֆի հետ, որովհետև նրանք հարվածել են իրենց թիկունքից»,- ասել է Ծոցի աղբյուրը իրանցիների տրամադրվածության մասին:
Չնայած Իսլամաբադը դեռևս չի հաստատվել որպես բանակցությունների վայր, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երեքշաբթի հայտարարել է, որ երկիրը պատրաստ է հյուրընկալել պատերազմն ավարտելուն ուղղված բանակցությունները:
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները մինչ այժմ եղել են անուղղակի՝ միջնորդների միջոցով: Չնայած դրան, Թրամփը երկուշաբթի պնդել է, թե վարչակարգի փոփոխությունն արդեն տեղի է ունեցել:
Ասվում է նաև, որ Վենսը զրուցել է Բենիամին Նեթանյահուի հետ, ով շարունակում է պնդել, որ Իսրայելը պետք է շարունակի Իրանի ռմբակոծումը, և քննարկել է պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ բաղադրիչները:
