«Ճշմարիտ խոստում — 4» գործողության 86-րդ ալիքի ընթացքում Իրանը հրթիռներ է արձակել «Ի հատուցում Հիսուս Քրիստոսի սրտերի ցավի» մակագրությամբ, հայտնում է Pars Today-ը։

Ըստ հաղորդագրության՝ 86-րդ ալիքն իրականացվել է փուլ առ փուլ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական և ռազմածովային ստորաբաժանումների համատեղ հրթիռային ու անօդաչու հարվածներով։

Գործողության առաջին փուլում հրթիռային և անօդաչու հարվածներով խոցվել են Քեմփ Վիկտորիա, Արիֆջան և Ալ Խարջ ամերիկյան բազաների օդային ու անօդաչու գործողությունների ենթակառուցվածքները, ինչպես նաև սպառազինության պահեստները։

Այնուհետև ճշգրիտ հարվածներ են հասցվել տարբեր շրջաններում ԱՄՆ բանակի, Իսրայելի և «Կոմալա» կուսակցության ուժերի թաքստոցներին, այդ թվում՝ Արադում, Նեգևում, Թել Ավիվում, Էրբիլում, Հինգերորդ նավատորմի տեղակայման վայրում և Ալ Դաֆրայում։

«Տարածաշրջանում ծխի սյուների ու պայթյունների տարածումը, ինչպես նաև ամերիկյան ոչնչացված թանկարժեք ինքնաթիռների բեկորների պատկերները ձախողել են տարածաշրջանի իշխանությունների և ԱՄՆ դաշնակից լրատվամիջոցների՝ Իրանի հարձակումների հետևանքները թաքցնելու և գրաքննության ենթարկելու փորձերը»,- նշվում է իրանական լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։

Share.