Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Արեւմտյան Քուրդիստանի եւ Քերմանշահի նահանգներում ոչնչացրել է մի քանի զինված խմբեր, որոնք հող էին նախապատրաստում ռազմական հարձակման համար, հաղորդել է Mehr-ը։
ԻՀՊԿ հետախուզական ստորաբաժանումը հայտարարել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից աջակցվող հակաիրանական խմբավորումների դեմ ուղղված մի շարք գործողությունների մասին։ Խմբերը փորձում էին հող նախապատրաստել արեւմտյան սահմանից թշնամու հարձակման համար, նշվել է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Քուրդիստանի նահանգում ԻՀՊԿ հետախուզությունը հայտնել է մի քանի քրդական անջատողական խմբավորումների ոչնչացման, 11 մարդու ձերբակալման եւ մեկ անձի սպանության մասին։ Զինծառայողներն առգրավել են ութ հրթիռային նռնակ եւ ավելի քան 2 000 փամփուշտ։
Իրաքյան Քուրդիստանում գործող խմբավորման բազայում մեկ այլ գործողության ընթացքում հայտնաբերվել են ռումբի 90 դետոնատոր, 18 նռնակ, հինգ ականանետ, տարբեր տրամաչափի 1 253 փամփուշտ, վեց հրացանային նռնակ եւ ռադիոկապի սարքավորումներ։ Նահանգում հետագա գործողությունների արդյունքում ձերբակալվել են Իրանում գործող հակահեղափոխական խմբերի 73 անդամներ, բացահայտվել է զենքի մաքսանենգության ցանց։
Անվտանգության ուժերն այդ խմբից առգրավել են 10 «Կալաշնիկով» ինքնաձիգ, 2 250 փամփուշտ, երկու որսորդական հրացան, յոթ հակատանկային ականանետ, 90 դետոնատոր եւ մի քանի արբանյակային ինտերնետային սարք։
Քերմանշահ նահանգում ԻՀՊԿ հետախուզությունը հայտնել է, որ ձերբակալվել է զենքի անօրինական առեւտրով զբաղվող 144 անձ, առգրավվել է 17 միավոր զենք եւ 1 200 փամփուշտ։ Ձերբակալվել են «Մոսադի» հետ կապված չորս լրտեսներ, ինչպես նաեւ առգրավվել են մեծ քանակությամբ փամփուշտներ, վառոդ, դետոնատորներ եւ որսորդական հրացանների փամփուշտներ պատրաստելու համար օգտագործվող սարքավորումներ։
Հայտարարության մեջ նշվել է, որ ձերբակալվել են նաեւ յոթ անջատողական մարտիկներ, որոնք ներգրավված են եղել ինքնաշեն ռումբեր պատրաստելու եւ կառավարական եւ ռազմական թիրախների վրա գրոհների համար անօրինական զենք ձեռք բերելու մեջ։
