Իրանի խորհրդարանը կքննարկի ուրանի հարստացման մակարդակը մինչև 90%-ի հասցնելու հարցը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կրկնակի հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կրկնակի հարձակման դեպքում Իրանի տարբերակներից մեկը կարող է լինել ուրանի հարստացումը մինչև 90 տոկոս։ Մենք դա կքննարկենք խորհրդարանում»,- գրել է նա։

Մայիսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել պնդմամբ, թե Իրանը իբր հրաժարվում է ստանձնել միջուկային զենք չստեղծելու պարտավորությունը։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են շուտով կրկին ռազմական գործողություններ սկսել Հորմուզի նեղուցում կամ նույնիսկ Իրանի նկատմամբ ձեռնարկել «շատ ավելի լուրջ» բան։

Ընդ որում, Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ չի փորձում միջուկային զենք ստեղծել։ 2003 թվականից Իրանում գործում է Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կրոնական հրահանգը, համաձայն որի՝ միջուկային զենքի արտադրությունն արգելված է։

Share.