Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը բանակցությունների որեւէ խնդրանք չի ներկայացրել՝ ընդգծելով, որ ռազմական սպառնալիքների ճնշման տակ իրականացվող դիվանագիտությունն անարդյունավետ է, հաղորդել է Mehr-ը։ 

Չորեքշաբթի կառավարության նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում Արաղչին ասել է, որ միջազգային հարաբերություններում ռազմական սպառնալիքներն ու դիվանագիտությունը հաճախ միասին գոյակցում են միաժամանակ, բայց յուրաքանչյուրն ընթանում է իր ուրույն ուղիով։ 

Նա ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը հստակ է. ռազմական սպառնալիքների ներքո իրականացվող դիվանագիտությունը չի կարող արդյունքների հանգեցնել։ Արաղչին ավելացրել է, որ բանակցությունների կայացման համար պետք է հրաժարվել սպառնալիքներից, չափից մեծ պահանջներից եւ իռացիոնալ հարցերից։

Նա ընդգծել է, որ բանակցություններն ունեն իրենց սեփական սկզբունքները եւ պետք է վարվեն հավասարության եւ փոխադարձ հարգանքի դիրքերից։ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ մի քանի երկրներ ներկայում հանդես են գալիս որպես միջնորդներ եւ մասնակցում են ջանքերին եւ խորհրդակցություններին՝ ավելացնելով, որ Իրանը շարունակում է կապ պահպանել այդ միջնորդների հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ մեկ այլ ամերիկյան «նավատորմ» է շարժվում դեպի Իրան, եւ նա հույս ունի, որ Թեհրանը համաձայնության կգա Վաշինգտոնի հետ։

«Այժմ կա մեկ այլ մեծ նավատորմ, որը շարժվում է դեպի Իրան»,- ասել է Թրամփը Այովայում ունեցած ելույթի ժամանակ։ «Հուսով եմ՝ նրանք գրոծարք կկնքեն»։

Թրամփը նաեւ նախկինում հայտնել է, որ ԱՄՆ «նավատորմը» տեղակայված է Իրանի մոտակայքում։

«Մենք ունենք մեծ նավատորմ Իրանի մոտակայքում։ Ավելի մեծ, քան Վենեսուելայի մոտակայքում»,- ասել է Թրամփն այս շաբաթ Axios-ի հարցազրույցում։

Նա ավելացրել է. «Նրանք ուզում են գործարք կնքել։ Ես դա գիտեմ։ Նրանք բազմիցս զանգահարել են։ Նրանք ուզում են խոսել»։

Share.