Իսրայելի երկու նախկին վարչապետներ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը հայտարարել են իրենց կուսակցությունների միավորման մասին։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, նոր քաղաքական ուժը կարող է առաջիկա ընտրություններում առաջ անցնել Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունից։

«Միասին» կոչվող կուսակցությունը կգլխավորի Բենեթը։ Նա հայտնի է որպես հրեական բնակավայրերի նախկին պաշտպան ու կողմնակից, որն այժմ որոշակիորեն թեքվել է դեպի քաղաքական կենտրոն։ Թեև 2022-ին Նեթանյահուից կրած պարտությունից հետո Բենեթը հեռացել էր քաղաքականությունից, սակայն, ըստ ամենշաբաթյա հարցումների, նա գործող վարչապետի ամենալուրջ մրցակիցն է։

Լապիդը կենտրոնամետ գործիչ է, որի հիմնական ընտրազանգվածը Թել Ավիվում է։ Այժմ նա գլխավորում է ընդդիմությունը՝ իր «Եշ Աթիդ» կուսակցությամբ։ Բենեթն ու Լապիդը նախկինում ևս միասին կառավարություն են ձևավորել, որին հաջողվել է իշխանությունից հեռացնել Նեթանյահուին, սակայն այդ դաշինքը գոյատևել է ընդամենը մեկ տարի և 2022-ին կրկին իր տեղը զիջել է նրան։

Bloomberg-ը նշում է, որ այդ ժամանակ Նեթանյահուն ձևավորել է երկրի պատմության մեջ ամենածայրահեղ աջակողմյան և կրոնամետ կառավարությունը։ Նա վարել է պոպուլիստական քաղաքականություն, որն ընդդիմախոսները որակել են որպես հասարակությունը պառակտող և հակաժողովրդավարական։

Բենեթի և Լապիդի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ սա «Իսրայել պետության առողջացման առաջին քայլն է». «Եշ Աթիդ» և «Բենեթ 2026» ուժերը միավորվում են մեկ կուսակցության մեջ, որը կգլխավորի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը։

«Այս քայլով միավորվում է նաև «բարեփոխումների դաշինքը»՝ վերջ դնելով ներքին պայքարին։ Սա թույլ կտա կենտրոնացնել բոլոր ջանքերը՝ առաջիկա ընտրություններում վճռական հաղթանակ տանելու և Իսրայելը դեպի անհրաժեշտ բարեփոխումներ տանելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Նախկինում նրանք պայմանավորվել էին վարչապետի պաշտոնը զբաղեցնել հերթափոխով, սակայն նոր համաձայնագրով նման բան նախատեսված չէ։

Անցած հանգստյան օրերին անցկացված հարցումները ցույց են տվել, որ Բենեթն ու Նեթանյահուն գրեթե հավասար վարկանիշ ունեն։ Եթե Բենեթի միավորներին գումարվեն նաև Լապիդի կանխատեսվող մանդատները, նրանց կուսակցությունը կդառնա խոշորագույնը խորհրդարանում, ինչն էլ հաջորդ կառավարությունը ձևավորելու իրավունք կտա։

Ըստ հարցումների՝ ընդդիմադիր դաշինքը (առանց արաբական կուսակցությունների) կարող է ստանալ 60 կամ 61 տեղ՝ 120-ից, ինչը լիովին բավարար է իշխող կոալիցիա կազմելու համար։

Share.