Իսրայելական զորքերը 120 կիլոմետրանոց սահմանի մի քանի ուղղություններով՝ արևմտյան, կենտրոնական և արևելյան հատվածներից շարժվում են դեպի Լիբանանի խորքը: Ըստ Al Jazeera-ի՝ որոշ շրջաններում նրանք արդեն իսկ առաջացել են մի քանի կիլոմետր:
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը դիմադրություն է ցույց տալիս, իսկ իսրայելական լրատվամիջոցները հայտնում են վաղ առավոտյան տեղի ունեցած անվտանգության ոլորտի լուրջ միջադեպի մասին: Իսրայելի հյուսիսային հատվածում նկատվել են տարհանման ուղղաթիռներ, որոնք ուղևորվել են դեպի հիվանդանոցներ: Իսրայելական կողմը դեռևս պաշտոնական հաստատում չի տվել, սակայն բանակն ընդունել է, որ մարտի սկզբից շարունակվող ներխուժման ընթացքում չորս զինվոր է սպանվել: «Հեզբոլլահը» հայտարարել է, որ իսրայելցի զինծառայողների համար դարանակալում է կազմակերպել Թայբեհ քաղաքում, որը գտնվում է Լիբանանի տարածքում՝ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Սա բարձրադիր և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող վայր է, որը Լիտանի գետ հասնելու բանալին է. հենց սա էլ հայտարարվել է որպես գործողության նպատակ:
Հեռուստաալիքն ընդգծում է, որ «Հեզբոլլահը» գիտակցում է, որ չի կարող կանգնեցնել առաջ շարժվող բանակն իր տանկերով, անօդաչու թռչող սարքերով ու ժամանակակից սպառազինությամբ, ուստի փոխարենը հենվում է պարտիզանական մարտավարության վրա, ինչն այս գործողությունը չափազանց թանկ է դարձնում Իսրայելի համար:
