Իսրայելի ռազմական ղեկավարությունը ճգնաժամի մեջ է հայտնվել, երբ մի քանի մասնագիտացված կապի խմբեր կոտրել են իսրայելական բանակում անվտանգ կապի առնչվող ծածկագրերը, հաղորդում է Tasnim-ը։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ այդ քայլը ձեռնարկվել է իսրայելական բանակի կապի ոլորտում օգտագործվող ընկերությունների և սարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո։
Ինչպես նշում է Tasnim-ը, ստացված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ իսրայելական բանակն օգտագործել է Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում և Ֆրանսիայում արտադրված հեռահաղորդակցության սարքավորումներ։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ իսրայելական բանակի հեռակառավարվող անլար համակարգի և հրամանատարական ու վերահսկողական համակարգի միջև ներքին կապի և զրույցների մեծ մասը, որը Իսրայելի մարտադաշտի կառավարման հիմնական և կարևորագույն կառույցներից մեկն է, իրականացվում է ծածկագրված ինտերնետային հեռախոսային համակարգի միջոցով, որն անցնում է վերոնշյալ չորս երկրների ենթակառուցվածքներով։
«Այդ ենթակառուցվածքից տեղեկատվության արտահոսքից հետո կապին առնչվող ծածկագրումը ևս ընկել է որոշ կիբերփորձագետների ձեռքը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ տեղյակ է արտահոսքի մասին և ցանկանում է ներդնել նոր կապի համակարգ, թեև այդ համակարգը փոխելն այնքան էլ հեշտ չէ և չի կարող իրականացվել կարճաժամկետ հեռանկարում»,- գրում է իրանական լրատվամիջոցը։
