Իրանը նկատելիորեն թեժացրել է ԱՄՆ-ի հետ տեղեկատվական պայքարը։ Սոցիալական հարթակներում սեփական նարատիվներն առաջ մղելու համար Թեհրանն այժմ օգտագործում է մեմեր, հումոր և ԱԲ-ի միջոցով գեներացված կոնտենտ։ Այս մասին հայտնում է The Guardian.-ը։
Իրանցի բովանդակություն ստեղծողները և իշխանությունների հետ կապված օգտահաշիվները ակտիվորեն տարածում են հումորային հոլովակներ, ներառյալ ԱԲ-ով ստեղծված կատակերգական տեսանյութեր և Դոնալդ Թրամփի պատկերով LEGO ոճի անիմացիաներ։ Ըստ The Guardian-ի գնահատականի՝ սա դարձել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընթացող ավելի լայն «մեդիա պատերազմի» մի մասը։
Հոդվածում նշվում է, որ չնայած երկրի ներսում ինտերնետի երկարատև սահմանափակումներին և անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, իրանական իշխանամետ ալիքները կարողացել են հարմարվել իրավիճակին և նկատելի ներկայություն ապահովել սոցցանցերի արևմտյան սեգմենտում։ Պաշտոնական և փոխկապակցված օգտահաշիվներն այդ հումորն ու հեգնանքն օգտագործում են ԱՄՆ-ի քաղաքականության և Դոնալդ Թրամփի վարչակազմի նկատմամբ վստահությունը խարխլելու համար։
Հատկանշական է, որ Իրանի ներսում տեղեկատվական դաշտը մնում է սահմանափակ. մամուլի զգալի մասը փակ է կամ ստիպված է հեռարձակել պաշտոնական հայտարարություններ, իսկ պետական հեռուստատեսությունը քննադատվում է քարոզչական բնույթի համար: Միևնույն ժամանակ, երկրում ինտերնետի հասանելիությունն արդեն տևական ժամանակ է, ինչ սահմանափակված է մնում:
Ըստ պարբերականի գնահատականի՝ իրավիճակի պարադոքսն այն է, որ ներքին տեղեկատվական մեկուսացման պայմաններում Իրանը միաժամանակ ակտիվ արտաքին հաղորդակցային արշավ է վարում՝ թիրախավորելով արևմտյան լսարանը և կիրառելով ժամանակակից թվային ձևաչափերը:
