Գիտնականները բնական անսպասելի մեխանիզմ են հայտնաբերել, որը կարող է օգնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում. կուղբերը կարող են զգալիորեն նվազեցնել մթնոլորտում ածխածնի արտանետումները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Earth & Environment գիտական ամսագրում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կուղբերի գործունեությունը, մասնավորապես՝ ամբարտակների կառուցումը, զգալի ազդեցություն է ունենում ածխածնային ցիկլի վրա: Պատնեշներ ստեղծելով՝ կուղբերը ձևավորում են ճահճացած տարածքներ, որտեղ դանդաղում է օրգանական նյութերի քայքայումը: Նման պայմաններում ածխածինն ավելի երկար է մնում «փակված» հողում և հատակային նստվածքներում՝ փոխանակ արտանետվելու ածխաթթու գազի տեսքով:

Գիտնականները վերլուծել են էկոհամակարգերը կուղբերի մասնակցությամբ և առանց դրանց ու պարզել, որ այն վայրերում, որտեղ կան այդ կենդանիները, տեղի է ունենում օրգանական ածխածնի զգալի պաշարների կուտակում: Ընդ որում, նման ջրամբարները գործում են որպես յուրօրինակ «ածխածնային թակարդներ», որոնք կարող են երկար ժամանակ պահել ածխածինը:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ կուղբերի գործունեության էֆեկտը դրսևորվում է բնական ճանապարհով՝ առանց մարդու միջամտության և հավելյալ ծախսերի: Գլոբալ տաքացման պայմաններում դա նրանց դարձնում է բնական լուծումների կարևոր տարր՝ ուղղված ջերմոցային գազերի կոնցենտրացիայի նվազեցմանը:

Սակայն հետազոտողներն ընդգծում են, որ կուղբերի ազդեցությունը միանշանակ չէ. որոշ դեպքերում ճահճացած տարածքները կարող են արտանետել նաև մեթան՝ ևս մեկ ուժեղ ջերմոցային գազ: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ հաշվեկշիռը կարող է դրական մնալ ածխածնի պահպանման տեսանկյունից:

Աշխատանքի հեղինակները նշում են, որ կուղբերի պոպուլյացիաների վերականգնումն ու նրանց բնական միջավայրի պահպանումը կարող են դառնալ կլիմայական փոփոխությունների մեղմացման համալիր ռազմավարության մաս՝ լրացնելով տեխնոլոգիական և քաղաքական միջոցառումները:

Share.