Ամեն ինչը իր ճանապարհն ունի. եթե լսել եք, երեկ վարչապետը ասաց, որ արդեն նոր ուղիներ ենք գտել, այլընտրանք ունենք և կարող ենք մեր ապրանքն արտահանել ուրիշ երկրներ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ քարոզարշավին մասնակցող ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանն արգելել է հայկական մրգերի, բանջարեղենի ու ծաղիկի ներմուծումը իր երկիր։
«Մենք բոլորս էլ հասկանում ենք և գիտեինք, որ այդ օրը գալու է, որովհետև անընդհատ միշտ Լարսը փակվել է, բացվել է։ Եթե Ռուսաստանը ցանկացել է ուժի զոռով մեզ ինչ-որ բան թելադրել, միշտ էլ Լարսը փակել է։ Եթե Լարսը փակում են, մենք ի՞նչ պիտի անենք, արդեն պիտի նոր ուղիներ գտնենք։
Մենք կարող ենք մենք կարող ենք տանել արաբական երկրներ, Եվրոպա։ Թուրքիան ճանապարհը շուտով բացելու է, և Եվրոպան արդեն մեզ շատ է մոտենալու։ Այնպես որ մենք կարող ենք ցանկացած տեղ մեր ապրանքը արտահանել։ Կամաց-կամաց կարտահանենք բոլոր երկրներ։
Ինչ վերաբերում է նրան, որ մենք ամբողջ կյանքներս ճորտի կարգավիճակով պիտի մնանք, ռուսները երբ ուզենան՝ բացեն, երբ ուզենան՝ փակեն, մեզ հետ ինչ ուզենան՝ անեն, հիմա դա չի ստացվելու։ Վերջին 30 տարիներին իրենք են թելադրել մեր քաղաքականությունը, մենք որևիցե մի պետության հետ իրավունք չենք ունեցել ինքներս բանակցենք։ Իսկ հիմա որոշողը մենք ենք»,–ասաց նա։
Գագիկ Մելքոնյանի համոզմամբ, ռուսամեկ ուժերը Արցախից խոսում են իրենց նեղ շահերը սպասարկելու համար. «Իրենք պատրա՞ստ են Արցախը հետ վերցնելու։ Վարչապետն ասաց, որ մենք այդ թեման չենք շոշափելու։ Հիմա նախաստորագրվել է խաղաղությունը և մենք հիմա գնում ենք այդ ճանապարհով, որ պետք է մեր երկրում խաղաղություն տիրի։ Մենք էլ երեխա չունենք կորցնելու»։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի ռազմաքաղաքական էլիտային հարցնում է՝ ինչո՞ւ չեք զոհվել, իսկ Գագիկ մելքոնյանն ինչո՞ւ չի զոհվել, վերջինս արձագանքեց. «Այնտեղ զոհվելը զակազով չի։ Ոչ թե դու ես որոշում՝ պիտի զոհվես կամ չզոհվես, դու որոշում ես՝ պիտի փախնես, որ չզոհվես։ Իսկ այն մարդիկ որ կռվել են՝ զոհվել են։ Վարչապետը հիմնականում Արցախի էլիտային նկատի ունի, որը վերջին 44 օրյա պատերազմում ամբողջ էլիտան փախավ։ Եթե իրանք փախչում, գալիս էին, ո՞նց կարային զոհվեին։ Իրենք թողեցին իրենց ժողովրդին մենակ, տարածում էին, թե հողերը ծախված է, մի կռվեք, փախեք։ Մենք չէինք պարտվի, եթե ամեն մի հերոս գեներալ գոնե 200 մարդ վերցներ ու Շուշին պաշտպաներ, չէր ընկնի Շուշին»։
