Իրանի Սահմանադրությունը նախատեսում է գերագույն իշխանության փոխանցման հստակ մեխանիզմ՝ երկրի գործող ղեկավարի մահվան կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, գրում է «Новости Ирана» Telegram ալիքը։
Ինչպես նշում է ալիքը, գործընթացը բաղկացած է երկու հիմնական փուլից՝ առաջնորդության ժամանակավոր խորհրդի ձևավորում և հաջորդիվ մշտական առաջնորդի ընտրություն։
Առաջնորդության ժամանակավոր խորհուրդ
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն՝ այն ժամանակահատվածում, երբ երկիրը մնում է առանց Գերագույն առաջնորդի (ռահբարի), նրա լիազորությունները ժամանակավորապես անցնում են հատուկ խորհրդի, որը բաղկացած է երեք անձից.
- Իրանի նախագահ (ներկայումս՝ Մասուդ Փեզեշքիան)։
- Դատական իշխանության ղեկավար (Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեի)։
- Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ հանդիսացող իսլամական իրավագետներից (ֆակիհներից) մեկը։ Խորհրդի այս անդամի թեկնածությունը որոշվում է Համակարգի շահերի որոշման խորհրդի կողմից, որը Գերագույն առաջնորդին կից խորհրդակցական մարմին է։
Այս կերպ ձևավորված Ժամանակավոր խորհուրդն անցումային շրջանի համար օժտվում է Գերագույն առաջնորդի բոլոր լիազորություններով և իրականացնում է պետության ժամանակավոր կառավարումը։
Նոր Գերագույն առաջնորդի ընտրությունը
Մշտական Գերագույն առաջնորդի ընտրությունը Փորձագետների խորհրդի բացառիկ իրավասությունն է։ Այս պետական մարմինը բաղկացած է 88 հեղինակավոր իսլամական աստվածաբաններից, որոնք ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ։
Համաձայն օրենքի՝ Փորձագետների խորհուրդը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում հավաքվել թափուր տեղի առաջացումից հետո և քվեարկություն անցկացնել երկրի նոր ղեկավարին որոշելու համար։
