Ավելի քան երկու դար Կուբան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական մտածողության մեջ։ Վաշինգտոնի ժամանակակից ճնշումը Հավանայի նկատմամբ՝ պատժամիջոցները, սպառնալիքները և ռազմական ուժի ցուցադրումը, սոսկ երկարատև պատմական գծի շարունակությունն է, որի հիմքում ընկած է կղզու քաղաքական և տնտեսական ապագայի վրա ազդելու ԱՄՆ ձգտումը, գրում է Conversation-ը։
Դեռևս 19-րդ դարի սկզբից ամերիկյան վերնախավերը Կուբան դիտարկում էին որպես ԱՄՆ-ի ազդեցության բնական ոլորտ։ Միացյալ Նահանգների անկախության հռչակումից հետո շատ քաղաքական գործիչներ համոզված էին, որ Կուբան վաղ թե ուշ պետք է մտնի ամերիկյան ուղեծիր՝ գնման, բռնակցման կամ քաղաքական վերահսկողության միջոցով։ Կղզու աշխարհագրական մոտիկությունը և ռազմավարական դիրքը Կարիբյան ավազանում այն դարձնում էին ամերիկյան տարածաշրջանային ռազմավարության առանցքային տարրը։
19-րդ դարի վերջին իսպանական գաղութատիրական տիրապետության թուլացումից հետո ԱՄՆ-ը փաստացի միջամտեց Կուբայի անկախացման գործընթացին։ Թեև Կուբան պաշտոնապես անկախացավ 1902 թվականին, Վաշինգտոնն իրեն վերապահեց երկրի ներքին գործերին միջամտելու իրավունքը, ինչը ԱՄՆ-ին հնարավորություն տվեց տասնամյակներ շարունակ լուրջ ազդեցություն ունենալ կուբայական քաղաքականության, տնտեսության և անվտանգության վրա։
20-րդ դարի առաջին կեսին ամերիկյան կապիտալը գերիշխում էր Կուբայի տնտեսության առանցքային ոլորտներում, իսկ բուն երկիրը մեծապես ընկալվում էր որպես ԱՄՆ-ի տնտեսական շարունակություն։ Ամերիկյան մշակութային ազդեցությունը նույնպես խոր ներթափանցել էր կուբայական հասարակություն։
Արմատական բեկում տեղի ունեցավ 1959 թվականին՝ Ֆիդել Կաստրոյի հեղափոխությունից հետո։ Նոր վարչակարգն առաջնահերթություն հռչակեց ազգային ինքնիշխանության վերականգնումը, հրաժարումը ամերիկյան գերիշխանությունից և անկախ պետական մոդելի կառուցումը։ Հենց ամերիկյան ազդեցությանն ուղղված այս մարտահրավերը դարձավ տասնամյակներ տևած առճակատման առանցքային պատճառներից մեկը։
Կուբայի համար անկախության հարցը դարձավ ազգային ինքնության մաս։ Միացյալ Նահանգների համար կղզու նկատմամբ վերահսկողության կորուստն ընկալվում էր որպես ռազմավարական և գաղափարական պարտություն, հատկապես Սառը պատերազմի համատեքստում։
Նույնիսկ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև գլոբալ դիմակայության ավարտից հետո, Կուբան շարունակեց մնալ ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդանշական հարցերից մեկը։ 2014 թվականին Բարաք Օբամայի վարչակազմի օրոք հարաբերությունների կարգավորման փորձը հույս ներշնչեց նոր փուլի մասին, որը հիմնված կլիներ Կուբայի ինքնիշխանության ճանաչման վրա։ Սակայն Դոնալդ Թրամփի օրոք ավելի կոշտ գծին վերադառնալը կրկին ցույց տվեց ճնշման հին մոդելի կայունությունը։
Կուբայով ամերիկյան «սևեռուն մտքի» գլխավոր պատճառը ոչ միայն ռազմավարական հաշվարկների մեջ է, այլև կղզու՝ որպես մի տարածքի խոր արմատացած պատմական ընկալման, որը ԱՄՆ-ը ավանդաբար ձգտել է վերահսկել։
Պատմությունը ցույց է տալիս, որ Կուբան մնում է ոչ թե պարզապես հարևան պետություն, այլ արտաքին ազդեցության և ազգային ինքնորոշման միջև պայքարի մշտապես կարևոր խորհրդանիշ։ Հենց այդ պատճառով Կուբային իր քաղաքական ապագան թելադրելու ցանկացած փորձ կղզում առանձնահատուկ սուր արձագանք է առաջացնում։
