Իրանը խոստացել էր բացել Հորմուզի նեղուցը, սակայն գիտակցաբար դա չի արել։ Սա տագնապ, կողմնորոշման կորուստ և ցավ է պատճառել բազմաթիվ մարդկանց ու երկրների ամբողջ աշխարհում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք պնդում են, թե նեղուցում ականներ են տեղադրել, չնայած նրանց ամբողջ նավատորմը և ականակիր նավերի մեծ մասը լիովին ոչնչացվել են։ Հնարավոր է՝ նրանք դա արել են, բայց ո՞ր նավատերը կցանկանա ռիսկի դիմել։ Սա մեծ խայտառակություն է և անդառնալի վնաս Իրանի ու նրա «առաջնորդներից» մնացածի հեղինակությանը, բայց մենք արդեն անցել ենք այդ ամենի միջով։ Ինչպես և խոստացել էին, նրանց համար ավելի լավ կլինի հնարավորինս արագ սկսել այս միջազգային ջրային ուղու բացման գործընթացը։
Նրանք խախտում են բոլոր օրենքները։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն ինձ մանրամասն տեղեկացրել են Իսլամաբադում կայացած հանդիպման մասին, որը տեղի է ունեցել ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի բարյացակամ և շատ իրազեկ ղեկավարման շնորհիվ։ Սրանք իսկապես ակնառու մարդիկ են, և նրանք անդադար շնորհակալություն են հայտնում ինձ՝ Հնդկաստանի հետ սարսափելի պատերազմի պայմաններում 30-ից 50 միլիոն կյանք փրկելու համար։ Ինձ միշտ հաճելի է դա լսել. մարդկայնության այն մակարդակը, որի մասին խոսվում է, պարզապես ապշեցուցիչ է։
Իրանի հետ հանդիպումը սկսվել է վաղ առավոտյան և շարունակվել ամբողջ գիշեր՝ շուրջ 20 ժամ։ Կարող էի մանրամասն պատմել ձեռք բերված արդյունքների մասին, բայց կարևոր է միայն մեկ բան՝ Իրանը չի ցանկանում հրաժարվել իր միջուկային հավակնություններից։ Շատ առումներով ձեռք բերված պայմանավորվածությունները լավն են, քան մեր ռազմական գործողությունները մինչև վերջ շարունակելը, սակայն այդ բոլոր կետերը նշանակություն չունեն այն բանի հետ համեմատած, որ թույլ տրվի միջուկային էներգիան հայտնվի նման անհավասարակշիռ, բարդ և անկանխատեսելի մարդկանց ձեռքում։
Այս ընթացքում իմ երեք ներկայացուցիչները, ինչն անսպասելի չէ, շատ մտերմացել են և սկսել հարգել իրանական ներկայացուցիչներին՝ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին, Աբաս Արաղչիին և Ալի Բաղերիին։ Բայց դա նշանակություն չունի, քանի որ նրանք շատ անզիջում էին ամենակարևոր հարցում, և, ինչպես միշտ եմ ասել, Իրանը ԵՐԲԵՔ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՉԻ ՈՒՆԵՆԱ»,- նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
