Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «Իրական խոստում-4» գործողության 51-րդ ալիքի մեկնարկի մասին, հաղորդում է Press TV-ն։

Հաղորդագրության համաձայն՝ այդ ալիքի ընթացքում հրթիռային հարվածներ են հասցվել տարածաշրջանի տարբեր հատվածներում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողություններին։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչի հետևանքով տեղի են ունեցել ավերածություններ և կան զոհեր։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։

Իսրայելի և ԱՄՆ հարձակումների հետևանքով սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին, ինչպես նաև երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և մտել է Հարավային Լիբանան։

Share.