ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի մեկնարկից երկու ամիս անց Իրանն այլևս չունի իշխանության գագաթնակետին գտնվող միասնական ու անվիճարկելի հոգևոր արբիտր։ Սա կտրուկ խզում է անցյալի ավանդույթներից, ինչը կարող է էլ ավելի կարծրացնել Թեհրանի դիրքորոշումը Վաշինգտոնի հետ սպասվող բանակցություններում. գրում է Reuters-ը։

1979 թվականի հիմնադրումից ի վեր Իսլամական Հանրապետությունը կառուցված է եղել Գերագույն առաջնորդի ինստիտուտի շուրջ, որը վերջնական խոսքի իրավունք ուներ պետական բոլոր առանցքային հարցերում։ Սակայն պատերազմի առաջին օրը այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը և նրա որդու՝ Մոջթաբայի վերելքը հանգեցրին նոր կարգի ձևավորմանը։ Այս համակարգում գերիշխում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները, և բացակայում է վճռորոշ հեղինակություն ունեցող առաջնորդը։

Թեև Մոջթաբա Խամենեին պաշտոնապես մնում է համակարգի գագաթին, ներքին քննարկումներին ծանոթ աղբյուրները նշում են, որ նրա դերը հիմնականում սահմանափակվում է գեներալների կայացրած որոշումները լեգիտիմացնելով, այլ ոչ թե սեփական հրահանգներ արձակելով։

Իրանցի պաշտոնյաների և վերլուծաբանների համաձայն՝ պատերազմական ճնշումն իշխանությունը կենտրոնացրել է ավելի նեղ ու կոշտ շրջանակում, որն արմատավորված է Ազգային անվտանգության գերագույն խորհրդում, Գերագույն առաջնորդի գրասենյակում և ԻՀՊԿ-ում։ Վերջինս այժմ գերիշխող դիրք ունի ինչպես ռազմական ռազմավարության, այնպես էլ քաղաքական հիմնական որոշումների հարցում։

Վերլուծաբանները կարծում են, որ գործարքի հիմնական խոչընդոտը ոչ թե Թեհրանի ներքին տարաձայնություններն են, այլ Վաշինգտոնի առաջարկների և ԻՀՊԿ-ի պահանջների միջև առկա մեծ անդունդը։

Բանակցություններում Իրանի դիվանագիտական դեմքը շարունակում է մնալ արտգործնախարար Աբաս Արաքչին, ում վերջերս միացել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Սակայն «գետնի վրա» կենտրոնական միջնորդի դերը ստանձնել է ԻՀՊԿ հրամանատար Ահմադ Վահիդին։ Նա համարվում է երկրի առանցքային ֆիգուրը, հատկապես զինադադարի հայտարարման փուլում։

Share.