ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննադատության է ենթարկվել, երբ Սպիտակ տան պաշտոնական սոցիալական ցանցում հրապարակվել է տեսանյութերի շարք, որոնք Իրանի վրա ռազմական հարվածների իրական կադրերը համատեղել են ֆիլմերի, տեսախաղերի և սպորտային հաղորդումների դրվագների հետ, հաղորդում է NBC News-ը։
Սպիտակ տան հրապարակած տեսանյութերից մեկն իրանական թիրախների վրա ԱՄՆ հարվածների իրական կադրերը փոխարինում է հայտնի ֆիլմերի և տեսախաղերի տեսարաններով։ Տեսահոլովակը վերնագրված է «Justice the American Way» («Արդարություն ամերիկյան ձևով») և ներառում է ամերիկյան դրոշի և կրակի էմոջի։
Տեսահոլովակում օգտագործվում են տարբեր ֆիլմերից և անիմեներից հատվածներ, դրանց թվում՝ «Top Gun» և «Braveheart» ֆիլմերից տեսարաններ, նախքան Իրանում թիրախների վրա հարվածների կադրերի ցուցադրումը։ Տեսանյութն ավարտվում է «Flawless victory» («Անբասիր հաղթանակ»)» արտահայտությամբ, որը Mortal Kombat խաղի հայտնի տող է։
Մեկ այլ տեսահոլովակում օգտագործվում է Grand Theft Auto: San Andreas խաղի տեսարանը։
Դրանից հետո ցուցադրվում է բեռնատարի հարվածի կադրեր, այնուհետև տեսանյութի վերևում հայտնվում է «Wasted» բառը՝ խաղի եզրույթ, որը նշանակում է գործող անձի ոչնչացում։
Նման տեսանյութերից մեկի վերնագրում վարչակազմը պարզաբանել է Իրանի դեմ գործողության նպատակները՝
- ոչնչացնել երկրի հրթիռային զինանոցը,
- ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը,
- թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել։
Հրապարակումները քաղաքական գործիչներից ոմանց կոշտ արձագանքին են արժանացել։ Դեմոկրատ սենատոր և Իրաքի պատերազմի վետերան Թեմի Դաքուորթը քննադատել է տեսանյութերը՝ պնդելով, որ պատերազմը տեսախաղ չէ և հիշեցնելով, որ հակամարտության ընթացքում արդեն ամերիկացի զինծառայողներ են զոհվել։
Ի պատասխան՝ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփի ղեկավարության ներքո ամերիկյան զինվորականները հաջողությամբ իրականացրել են առաքելության նպատակները, և որ վարչակազմը մտադիր է շարունակել ցուցադրել իրանական ռազմական օբյեկտների ոչնչացումը։
Այսդ տեսանյութերի հրապարակումը տեղի է ունեցել Իրանի հետ պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների մարմինների հանձնման արարողությունից կարճ ժամանակ առաջ։
