Դոնալդ Թրամփի ներքին շրջապատում աճում է թաքնված դժգոհությունը նրա գործադիր օգնական Նատալի Հարփի գործունեության պատճառով, որին համարում են առանցքային պատասխանատու՝ Truth Social-ում նախագահի գիշերային հրապարակումների հոսքը սնուցելու համար:
Ըստ The Wall Street Journal-ի հաղորդումների՝ Հարփը Թրամփի համար պատրաստում է գրառումների նախապես տպագրված սևագրերի տրցակներ, որոնցից շատերը հիմնված են քիչ հայտնի MAGA-օգտահաշիվների նյութերի, դավադրության տեսությունների, սադրիչ մեմերի և արհեստական բանականությամբ գեներացված բովանդակության վրա: Նախագահի կողմից հաստատվելուց հետո այդ հրապարակումները զանգվածաբար տեղադրվում են նրա էջում, հաճախ՝ ուշ գիշերով:
Հենց Հարփի հետ են կապում մի շարք առավել սկանդալային նյութերի հրապարակումը, ներառյալ Օբամայի ընտանիքի ռասիստական պատկերները և Թրամփի՝ Հիսուս Քրիստոսի կերպարով արհեստական բանականությամբ գեներացված պատկերը: Հանրային արձագանքից հետո այդ գրառումները հեռացվել են:
Աղբյուրները պնդում են, որ նման գործելաոճը լուրջ դժգոհություն է առաջացնում Սպիտակ տան աշխատակիցների շրջանում, քանի որ Հարփը փաստացի գործում է աշխատակազմի ղեկավարի ապարատի, մամուլի ծառայության և ազգային անվտանգության մասնագետների շրջանցմամբ: Ըստ ինսայդերների տվյալների՝ նա շեշտում է, որ աշխատում է անմիջապես նախագահի համար և ենթարկվում է բացառապես նրան:
Չնայած քննադատությանը՝ Սպիտակ տունը հրապարակավ պաշտպանում է հաղորդակցության նման մոդելը: Վարչակազմում գտնում են, որ Truth Social-ը Թրամփի՝ ընտրազանգվածի հետ ուղիղ շփման ամենաարդյունավետ գործիքն է՝ առանց ավանդական լրատվամիջոցների միջնորդության:
Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը, լրագրողների հաշվարկներով, հրապարակել է շուրջ 8 800 հաղորդագրություն: Նրա օգտահաշիվը կանոնավոր կերպով բարձր ակտիվություն է ցուցաբերում գիշերային ժամերին, ընդ որում՝ տասնյակ հրապարակումներ հայտնվում են ուշ երեկոյից մինչև վաղ առավոտ ընկած ժամանակահատվածում:
Միայն ապրիլին վերլուծաբանները ֆիքսել են չափազանց սահմանափակ քանակությամբ օրեր, երբ հրապարակումների ժամանակցույցը թույլ է տվել ենթադրել, որ նախագահը լիարժեք գիշեր է քնել: Ակտիվության վերջին բռնկումը ներառել է ավելի քան հիսուն հաղորդագրություն մի քանի ժամվա ընթացքում, որոնց թվում եղել են Բարաք Օբամայի վրա հարձակումներով և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու կոչերով ռեպոստեր:
Նման տեղեկատվական ռազմավարությունն ուժեղացնում է Թրամփի՝ որպես ագրեսիվ թվային հռետորաբանության միջոցով սեփական լսարանը մշտապես մոբիլիզացնող քաղաքական գործչի կերպարը, սակայն միաժամանակ լարվածություն է ստեղծում սեփական վարչակազմի ներսում, որտեղ ավելի ու ավելի շատ պաշտոնյաներ են մտահոգված նման հրապարակումների հեղինակությանային, քաղաքական և դիվանագիտական հետևանքներով:
