Էմանուել Մակրոն-ը AFP-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփին, Վլադիմիր Պուտինին և Սի Ցզինպինին դասել է այն համաշխարհային առաջնորդների շարքին, որոնք «հակառակորդներ են Եվրոպայի համար»։
Նա կոչ է արել Եվրոպային ակտիվանալ և առավել արդյունավետ օգտագործել իր ազդեցությունը աշխարհում։
«Չպետք է թերագնահատել այն փաստը, որ սա յուրահատուկ պահ է, երբ ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահների դիրքորոշումները հակադրվում են եվրոպացիներին», — հայտարարել է Մակրոնը։
Նա վաղուց է կոչ անում Եվրոպային ամրապնդել սեփական անվտանգությունը և չհենվել միայն Միացյալ Նահանգների վրա, և ուրբաթ օրը կրկին ընդգծել է ՆԱՏՕ-ի եվրոպական բաղադրիչի ուժեղացման անհրաժեշտությունը։
«Այս պահին առաջանում են կասկածներ 5-րդ հոդվածի վերաբերյալ», – ասել է Մակրոնը՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքը՝ փոխադարձ պաշտպանությունը, ըստ որի դաշինքի անդամները պարտավորվում են օգնել միմյանց հարձակման դեպքում։
«Այդ կասկածները փաստացի թուլացնում են դաշինքի ամրությունը», – հավելել է նա։
