ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկզբի համար ցանկանում է փորձել լուծել Իրանի միջուկային ծրագրի խնդիրը բանակցությունների սեղանի շուրջ կամ սահմանափակ հարվածի միջոցով, նախքան կառավարության տապալմանն ուղղված խոշոր գործողության տարբերակին անցնելը։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Վարչակազմի քննարկումներին ծանոթ անձինք հայտնել են, որ Թրամփն իր խորհրդականներին ասել է հետևյալը. եթե դիվանագիտությունը կամ ԱՄՆ-ի նախնական սահմանափակ հարձակումը չհանգեցնեն Իրանի հրաժարմանը միջուկային ծրագրից, նա առաջիկա ամիսներին կդիտարկի շատ ավելի մեծ հարձակման տարբերակը՝ նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել իրանցի առաջնորդներին», — տեղեկացնում է պարբերականը։
Խորհրդականները պարզաբանել են, որ վերջնական որոշումներ դեռ չկան, սակայն Թրամփը հակված է առաջիկա օրերին հնարավոր առաջին հարվածին, որպեսզի համոզի Իրանի իշխանություններին ընդունել իր պահանջները և հրաժարվել միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից։ Դիտարկվող թիրախների թվում են՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շտաբ-կայանը, միջուկային օբյեկտները և բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված ձեռնարկությունները։
Իրանին հարվածներ հասցնելու ծրագրերի քննարկումը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը։
Նախկինում դիտարկվել են նաև հատուկ գործողությունների ուժերն անմիջապես Իրան ուղարկելու ծրագրեր՝ միջուկային և հրթիռային ծրագրերի օբյեկտները ոչնչացնելու համար։ Սակայն ԱՄՆ բազմաթիվ պաշտոնյաներ հավաստիացրել են, որ իրականացման բարդությունների պատճառով Իրանում ցամաքային ռեյդեր իրականացնելու առաջարկը անորոշ ժամանակով հետաձգվել է։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ բանակի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները զգուշացրել են, որ Իրանի հետ ձգձգվող հակամարտությունը կամ նման գործողության համար երկար ժամանակ մարտական պատրաստվածության պահպանումը կարող է բացասաբար անդրադառնալ ամերիկյան զինված ուժերի վրա։
