ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սահմանափակել այն ժամկետները, որոնց ընթացքում Իրանը պետք է ներկայացնի հակամարտության կարգավորման իր առաջարկը: Դրա մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Ապրիլի 21-ին Թրամփը հայտարարել էր, որ երկարաձգում է Իրանի հետ հակամարտությունում հրադադարի ռեժիմը մինչև այն պահը, երբ Թեհրանը կներկայացնի իր առաջարկները և բանակցությունները կավարտվեն:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Թրամփը ծրագրում է իրանցիներին սահմանափակ ժամանակահատված տրամադրել՝ միասնական առաջարկ կազմելու համար:
Նշվում է նաև, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ անորոշ ժամկետով պահպանել հրադադարի ռեժիմը:
Ինչպես գրում է CNN-ը, նախագահի շրջապատում խոստովանում են, որ որքան երկար է շարունակվում ամերիկյան ուժերի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը, այնքան մեծ վնաս է հասցվում համաշխարհային տնտեսությանը:
Միաժամանակ, անհայտ է մնում՝ արդյոք Թեհրանը պաշտոնական ծանուցում ստացե՞լ է պատասխանի պատրաստման համար ժամանակային սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ:
Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, Վաշինգտոնն ու Թեհրանը պայմանավորվել էին երկշաբաթյա ժամկետով հրադադարի մասին, սակայն Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվել էին առանց արդյունքի:
