ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը հրապարակել այլմոլորակային կյանքի և ՉԹՕ-ների վերաբերյալ կառավարական փաստաթղթերը: Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում:
Թրամփն այս որոշումը բացատրել է՝ նշելով հարցի նկատմամբ «հսկայական հետաքրքրության մասին»:
«Ես հանձնարարում եմ պաշտպանության նախարարին և համապատասխան գերատեսչություններին ու գործակալություններին սկսել այլմոլորակային կյանքի, անհայտ օդային երևույթների և չճանաչված թռչող օբյեկտների, ինչպես նաև այս բարդ, բայց չափազանց հետաքրքիր և կարևոր թեմաներին վերաբերող ցանկացած այլ տեղեկատվության հրապարակման գործընթացը»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը, լրագրողների հետ խոսելով, մեղադրել էր Բարաք Օբամային այլմոլորակայինների հնարավոր գոյության մասին գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու մեջ նրա վերջերս արած հայտարարությունից հետո: Նա կարծում է, որ Օբաման «չպետք է դա աներ» և «մեծ սխալ է թույլ տվել»: Թրամփը չի մանրամասնել, թե ինչ գաղտնի տեղեկատվություն է բացահայտել Օբաման:
Reuters-ը հիշեցրել է, որ Բրայան Թայլեր Քոհենի փոդքասթում հարցազրույցի ժամանակ Օբամային հարցրել են, թե արդյոք այլմոլորակայիններ գոյություն ունեն։ Հարցազրույցի ձայնագրությունը հրապարակվել է անցյալ շաբաթ։ «Նրանք իրական են, բայց ես նրանց չեմ տեսել, և նրանց չեն պահում… 51-րդ գոտքում։ Այստեղ ստորգետնյա կառույցներ չկան, եթե միայն որևէ մեծ դավադրություն չկա, որը թաքցվել է Միացյալ Նահանգների նախագահից»,- պատասխանել է ԱՄՆ նախկին նախագահը։
Շուտով Օբաման գրառում է կատարել ինսթագրամում՝ բացատրելով այլմոլորակայինների մասին իր մեկնաբանությունները։ Նա նշել է, որ տիեզերքն այնքան հսկայական է, որ Երկրից այն կողմ կյանքի գոյության հավանականությունը բարձր է։ «Իմ նախագահության ընթացքում ես որևէ ապացույց չեմ տեսել, որ այլմոլորակայինները կապ են հաստատել մեզ հետ»,- ասել է Օբաման։
Reuters-ը նշել է, որ Օբամայի հայտարարություններում որևէ ցուցում չկար, որ նա որևէ գաղտնի տեղեկատվություն է բացահայտել։
