Թռչունների ծլվլոցը հսկայական ազդեցություն ունի մեր հոգեկան վիճակի վրա։ Ըստ վերջին հետազոտությունների՝ շրջակայքում թռչունների բազմազանությունն ու նրանց երգը կյանքից բավարարվածության վրա նույնքան մեծ ազդեցություն են թողնում, որքան բարձր եկամուտը։

Որքան շատ թռչուններ են ծլվլում և որքան մեծ է թռչնատեսակների բազմազանությունը շրջակա միջավայրում, այնքան երջանիկ ու գոհ են մարդիկ: Նման եզրակացության է եկել գերմանական հետազոտական խումբը:

Հետազոտության համար գիտնականները համադրել են կենսաբազմազանության վերաբերյալ տվյալները կյանքից բավարարվածության և եկամուտների տվյալների հետ: Նրանց տվյալների բազան տեղեկություններ է պարունակում եվրոպական 26 երկրների 26 000 բնակիչների մասին:

Արդյունքում մարդիկ ավելի երջանիկ են այնտեղ, որտեղ թռչնատեսակներն ավելի շատ են, հայտնում է Euronews-ը: Օրինակ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ այն տարածաշրջանում, որտեղ թռչնատեսակները տասը տոկոսով ավելի շատ են, մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում: Մինչդեռ եկամտի տասը տոկոսանոց աճի դեպքում այդ տարբերությունն ավելի քիչ է երևում:

Կյանքի որակի եվրոպական հետազոտությունն (EQLS) անցկացվում է չորս տարին մեկ անգամ: 26,000 եվրոպացիներ պատասխանել են ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական թեմաներով հարցերին: Օրինակ՝ արձանագրվում են եկամուտները, ընտանեկան դրությունը, կրթական մակարդակը, բնակության վայրը և առողջական վիճակը:

Մյուս կողմից, տվյալներեն անհրաժեշտ կենսաբազմազանության և բնական ու կլիմայական այլ գործոնների վերաբերյալ: Այստեղ օգտագործվել են աշխարհագրական տվյալներ, ինչպիսիք են տեսակների տարածման քարտեզները և արբանյակային լուսանկարները: Տարբեր բնական գործոններ համեմատվել են միմյանց հետ:

Ստուգվել է ոչ միայն կյանքից բավարարվածության և թռչունների բազմազանության միջև փոխկապակցվածությունը, այլև կաթնասունների, ծառերի և այլ բնական օբյեկտների տեսակային հարստության հետ առկա կապը: Արդյունքը բացասական է եղել. զգալի փոխկապակցվածություն է նկատվել միայն թռչնատեսակների բազմազանության դեպքում: Կա մեկ անորոշություն. կյանքից բավարարվածությունը վիճակագրորեն ապացուցելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ այլ ֆիզիկական և հոգեբանական գործոնները հաշվի չեն առնվել: news.am-ը փոխանցում է, որ հետազոտության համաձայն՝ թռչունները հատկապես լավ են համապատասխանում որպես կենսաբազմազանության ցուցիչներ։ Ըստ հետազոտության՝ նրանք վայրի բնության ամենանկատելի տարրերից են, հատկապես քաղաքային շրջաններում։ Սա բացատրվում է նրանով, որ նրանց երգը կարելի է լսել նույնիսկ այն ժամանակ, երբ թռչունները չեն երևում։

«Մենք նաև ուսումնասիրել ենք հարցվածների սոցիալ-տնտեսական տվյալները և, ի զարմանս մեզ, պարզել ենք, որ թռչունների բազմազանությունը նույնքան կարևոր է նրանց կյանքի բավարարվածության համար, որքան նրանց եկամուտը», – բացատրում է պրոֆեսոր Կատրին Բյոնինգ-Գազեն՝ Զենկենբերգի կենսաբազմազանության և կլիմայի հետազոտական կենտրոնի տնօրենը։

Այսպիսով, հարևանությամբ թռչունների տասնչորս լրացուցիչ տեսակների առկայությունը կբարձրացնի կյանքի բավարարվածությունը ոչ պակաս, քան տնային տնտեսության հաշվին ամսական լրացուցիչ 124 եվրոն՝ հիմնվելով եվրոպական բոլոր 26 երկրներում ամսական 1237 եվրո միջին եկամտի վրա։

2025 թվականին անցկացված մեկ այլ հետազոտության մեջ մասնակիցներին ուղարկել են կես ժամ տևողությամբ զբոսանքի՝ Տյուբինգենի համալսարանի բուսաբանական այգում։ Զբոսանքից առաջ և հետո փորձարկվողներից թքի նմուշ են վերցրել, չափել արյան ճնշումը և սրտի զարկերի հաճախականությունը։

Ստացված արդյունքների համաձայն՝ զբոսանքից հետո մասնակիցներն ընդհանուր առմամբ իրենց զգացել են առույգ, հանգիստ և հավասարակշռված։ Թքի նմուշներում կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը զբոսանքից հետո ավելի ցածր է եղել, իսկ սրտի զարկերի հաճախականությունն ու արյան ճնշումը՝ նվազել են։ Այլ կերպ ասած՝ զբոսանքից հետո նրանք իրենց մասնակիորեն վերականգնված են զգացել։

Այնուամենայնիվ, հետազոտողները նաև հասկացրել են, որ ֆիզիկական ցուցանիշների վրա ազդեցությունը դեռևս ավելի մանրամասն ուսումնասիրման կարիք ունի։ Այդուհանդերձ, արվել է ևս մեկ եզրակացություն. նրանց մոտ, ովքեր հանձնարարություն էին ստացել լսել թռչունների երգը, վերականգնման ցուցանիշները միջինում ավելի լավ են եղել։

Մասնակիցները նշել են բնության ավելի ինտենսիվ ընկալման և ավելի դրական հույզերի մասին։ Այն խումբը, որը լսել է թռչունների սովորական երգը և որին խնդրել են լինել ուշադիր, հայտնել է բնության զգացողության զգալիորեն ավելի ուժեղ գիտակցման մասին (քան ստուգիչ խումբը)։

Հետազոտության համաձայն՝ մարդիկ գնահատում են այն, ինչ ընկալում են որպես բազմազանություն՝ անկախ տեսակների փաստացի առատությունից։ Սա բացատրվում է նրանով, որ մարդկանց մեծ մասը նույնիսկ չի գիտակցում դա։ Հնարավոր է՝ դրական ազդեցությունը կապված է բնության հետ ավելի սերտ կապի զգացողության հետ։

Share.