Սննդի, ջրի և շրջակա միջավայրի մեջ լայնորեն տարածված պեստիցիդները կարող են կապված լինել քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի հետ, հատկապես բնակչության սոցիալապես խոցելի խմբերի շրջանում։ Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, ցույց է տվել նոր հետազոտությունը։

«Nature Health» ամսագրում հրապարակված հետազոտությունը հստակ կապ է ցուցադրել գյուղատնտեսական պեստիցիդների ազդեցության և քաղցկեղի զարգացման ռիսկի միջև՝ հիմնվելով Պերուում բնապահպանական տվյալների, ուռուցքաբանական ռեգիստրների և կենսաբանական նմուշների վերլուծության վրա։

«Առաջին անգամ մեզ հաջողվել է ազգային մակարդակով պեստիցիդների ազդեցությունը կապել կենսաբանական այնպիսի փոփոխությունների հետ, որոնք մատնանշում են քաղցկեղի առաջացման բարձր ռիսկը»,- պարզաբանել է Ֆրանսիայի Կայուն զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (IRD) մոլեկուլային կենսաբանության ոլորտի հետազոտող Ստեֆան Բերտանին։

Հեղինակները նշում են, որ իրական պայմաններում պեստիցիդների քաղցկեղածին ազդեցությունը դեռևս բավարար չափով ուսումնասիրված չէ, ինչը դժվարացնում է ռիսկերի խիստ գնահատումը և հետաձգում հանրային առողջապահության ոլորտում արդյունավետ միջոցների ձեռնարկումը, հայտնում է «Euronews»-ը։

Ձգտելով լրացնել այս բացը՝ հետազոտողները Պերուում առանձնացրել են այն շրջանները, որտեղ մարդիկ միաժամանակ ավելի հաճախ են ենթարկվում պեստիցիդների ազդեցությանը և ավելի հաճախ են տառապում քաղցկեղի որոշակի տեսակներով։ Նրանք պարզել են, որ այդ գոտիներում քաղցկեղով հիվանդանալու ռիսկը 150%-ով ավելի բարձր է եղել։

Հետազոտությունն իրականացվել է Պերուում Ֆրանսիայի Կայուն զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի, Պաստերի ինստիտուտի, Տուլուզի համալսարանի և Պերուի Նորագոյացությունների ազգային ինստիտուտի համագործակցությամբ։

Տուլուզի համալսարանի համաճարակաբան Խորխե Հոնլեսը պատմել է, որ թիմը մոդելավորել է շրջակա միջավայրում պեստիցիդների տարածումը վեց տարվա կտրվածքով (2014-ից 2019 թվականներին)՝ ստեղծելով ազդեցության ամենաբարձր ռիսկ ունեցող տարածքների մանրամասն քարտեզը։

Չափավոր և բարձր ռիսկային գոտիները ծածկել են երկրի տարածքի ավելի քան մեկ երրորդը, ընդ որում՝ գյուղատնտեսական հողատարածքներից դուրս աղտոտվածությունը տարածվել է 30-50 կիլոմետր՝ հեռավոր հեռավորությունների վրա տեղափոխման հաշվին։

Հետազոտողները մոդելը կիրառել են ամբողջ երկրի մասշտաբով՝ ներառելով գյուղատնտեսական այնպիսի քիմիկատներ, որոնցից և ոչ մեկը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի դասում մարդու համար հաստատված քաղցկեղածինների շարքին, ինչպես նաև օգտագործել են մոդելներ, որոնք հետևում են շրջակա միջավայրում դրանց տարածմանը։

Պեստիցիդների օգտագործման քարտեզը համադրելով ուռուցքաբանական ռեգիստրների հետ՝ հեղինակները հիմնվել են ավելի քան 150,000 պացիենտների տվյալների վրա, որոնց մոտ քաղցկեղ է ախտորոշվել 2007-ից 2020 թվականների ընթացքում:

Պեստիցիդների ազդեցության ամենաբարձր ռիսկը գրանցվել է Անդերի բարձրլեռնային և նախալեռնային շրջաններում, հատկապես այնտեղ, որտեղ սակավ տեղումները նպաստում են պեստիցիդների կուտակմանը:

Մոլեկուլային վերլուծությունը ցույց է տվել, որ պեստիցիդները խաթարում են այն գործընթացներին, որոնք պահպանում են բջիջների բնականոն գործառույթներն ու դրանց «ինքնությունը»։ Այս փոփոխությունները կարող են ի հայտ գալ դեռևս մինչև քաղցկեղի զարգացումը, ինչը, հետազոտողների նշմամբ, մատնանշում է վաղ, կուտակային և թաքնված ազդեցությունները։ Դրանք հյուսվածքներն ավելի խոցելի են դարձնում այլ ռիսկի գործոնների նկատմամբ, ինչպիսիք են վարակները, բորբոքումները կամ շրջակա միջավայրի ազդեցությունը։

Share.