Թայվանի հարցի նկատմամբ սխալ մոտեցման դեպքում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև կարող է բախում առաջանալ, ինչը կհանգեցնի հարաբերությունների լուրջ վատթարացման: Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ:

Մայիսի 14-ին Պեկինի Ժողովրդական համագումարների դահլիճում ընթացել է Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:

«Թայվանի հարցին սխալ մոտեցման դեպքում երկու երկրները կարող են բախվել և նույնիսկ հակամարտության մեջ մտնել, ինչը չին-ամերիկյան հարաբերությունները չափազանց վտանգավոր դրության մեջ կդնի»,- Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ` ասել է Սի Ծինփինը:

Չինաստանի առաջնորդն ընդգծել է, որ Թայվանի նեղուցում խաղաղությունը և «Թայվանի անկախությունը» անհամատեղելի են: Նրա խոսքով՝ Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանումը Չինաստանի և ԱՄՆ-ի կարևորագույն ընդհանուր շփման կետն է:

«Թայվանի հարցը չին-ամերիկյան հարաբերություններում կարևորագույն հարցն է»,- շեշտել է Սի Ծինփինը:

Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի անբաժանելի մասը, իսկ «մեկ Չինաստանի» սկզբունքի պահպանումը՝ պարտադիր պայման այն պետությունների համար, որոնք ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ պահպանել Չինաստանի հետ: ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենք վաճառելը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում ավանդաբար լարվածության առանցքային կետերից մեկն է: Չինաստանի կենտրոնական կառավարության և նրա կղզի-նահանգի միջև պաշտոնական հարաբերությունները ընդհատվել են 1949 թվականին:

Share.