Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 27–ին, շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, որը վերաբերում է նրա՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն:
Այսօր տեղի ունեցած դատական նիստին մեկնարկեց ապացույցների հետազոտման փուլը։
Հիշեցնենք, որ նախորդող դատական նիստերից մեկում հանրային մեղադրողները կարդացել էին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:
Արձագանքելով մեղադրական եզրակացությանը, Սարգսյանը նշել էր, որ ոչ ոք հարց չի բարձրացնում՝ ինչու՞ հողամասերը չեն վաճառվել, եթե անձնական շահ ունեին։
«Ես այդ հողամասերը վաճառելու հնարավորություն տվել եմ միայն Պաշտպանության նախարարության համալիրն ավարտին հասցնելու համար: Ո՛չ դատախազներին, ո՛չ քննիչներին չի հետաքրքրել՝ ինչ պայմաններում է եղել տեղակայված ՊՆ շենքը: Եթե իրենց նեղություն տային, հետաքրքրվեին, կիմանային՝ ինչու եմ ես դա արել»։
