Ջեֆրի Էփշտեյնի գործով նյութերում հայտնաբերվել է ֆինանսիստի մահվան մասին հայտարարության սևագիր տարբերակը, որը թվագրված է եղել նրա մարմինը բանտախցում գտնելուց մեկ օր առաջ։ Այս մասին վկայում են ԱՄՆ Արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերը։

Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազի հայտարարության նախագիծը թվագրված է եղել 2019 թվականի օգոստոսի 9-ով, մինչ դեռ պաշտոնապես Էփշտեյնին մեռած են գտել օգոստոսի 10-ի առավոտյան։ Սևագրում նշվում է, թե Մանհեթենի ուղղիչ կենտրոնն իբր արդեն հաստատել է ֆինանսիստի մահը։

Բանտային մատյանները և պաշտոնական հաշվետվությունները մատնանշում են, որ միայն օգոստոսի 10-ի առավոտյան նախաճաշ բաժանող աշխատակիցն է Էփշտեյնին անկենդան վիճակում հայտնաբերել իր խցում։ Հաջորդ օրը դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել է, որ մահվան պատճառը ինքնասպանությունն է եղել։

Հրապարակված սևագիրն ընդգրկված է առնվազն 23 փաստաթղթերի մեջ, որոնք նշված են որպես Նյու Յորքի Հարավային օկրուգի դատախազության հայտարարությունների նախագծեր։ Ֆայլերի վերլուծությունը ցույց է տվել միմանման տեքստերի մի քանի տարբերակների առկայություն՝ խմբագրման և անձնական տվյալների գաղտնիացման տարբեր աստիճաններով։

ԱՄՆ Բանտերի դաշնային բյուրոյի զեկույցից հետևում է, որ Էփշտեյնի մահվանը նախորդող օրերին հաստատությունում լուրջ խախտումներ են արձանագրվել։ Այսպիսով, օգոստոսի 9-ին նրա խցակցին տեղափոխել են այլ վայր, նոր խցակից չեն նշանակել, իսկ պարտադիր գիշերային շրջայցերը և կալանավորների վերահաշվարկը փաստացի չեն իրականացվել։ Ընդ որում, ծառայողական մատյանները հետագայում կեղծված են դուրս եկել։

Բացի այդ, հետաքննության նյութերում հիշատակվում է մի անհայտ անձ, որն օգոստոսի 9-ի երեկոյան տեսահսկման խցիկների կողմից ֆիքսվել է այն հարկաբաժնի մոտ, որտեղ գտնվել է Էփշտեյնի խուցը։ Տարբեր հաշվետվություններում նրան նկարագրել են որպես հնարավոր կալանավորի կամ աշխատակցի, որը սպիտակեղեն կամ անկողնային պարագաներ տանելուց է եղել։

Share.