Ռուսական զինուժը հարձակում է գործել Ուկրաինայի վրա այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարած «լռության ռեժիմը»։ Գիշերը Սումիի, Խարկովի և Զապորոժիեի մարզերի թիրախների ուղղությամբ արձակվել են կառավարվող ավիաբոմբեր (ԿԱԲ), իսկ վաղ առավոտյան երկնքում հայտնվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին գրում է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերին։ Խարկովի Նովոբավարսկի և Շևչենկովսկի շրջաններում դրոնները վնասել են յոթ մասնավոր տուն, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Կա երկու տուժած։ Զապորոժիեում հարված է հասցվել արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտին։ «Տուժածներ չկան»,- տելեգրամյան իր ալիքում գրել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել էր մայիսի 9-ի (Հաղթանակի տոնի) առթիվ զինադադար հայտարարել Ուկրաինայում։ Դրանից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միակողմանիորեն հայտարարել է մայիսի 8-ին և 9-ին կրակը դադարեցնելու մասին։ Ի պատասխան՝ Զելենսկին կոչ է արել չսպասել ևս մի քանի օր ու հայտարարել, որ «լռության ռեժիմը» կսկսվի հենց մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ զինադադարի ընթացքում ուկրաինական զինուժը կգործի հայելային սկզբունքով։ Ուկրաինայի ԱԳՆ-ից էլ հավելել են, որ Կիևը պատրաստ է վերջ տալ պատերազմին, և մայիսի 6-ը ցույց կտա՝ արդյոք Ռուսաստանը նույնն է ցանկանում, թե ոչ։
Նախորդ երեկոյան ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին։ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ֆուգասային ավիառումբերի կիրառման հետևանքով վնասվել են 16 բազմաբնակարան շենք, վարսավիրանոց, խանութներ և ավտոմեքենաներ։ Զոհվել է 6 մարդ, ևս 13-ը ստացել են վնասվածքներ։ Բալիստիկ հրթիռների թիրախում է հայտնվել նաև Դնեպրը, որտեղ հարվածներ են հասցվել արդյունաբերական ձեռնարկություններին։ Այստեղ զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ։ Բացի այդ, վնասվել է Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքի ենթակառուցվածքը։ Զապորոժիեի մարզում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով զոհվել է 12 մարդ․ տուժած 43 բնակիչներից 18-ը հոսպիտալացվել են։
