«Նորագյուղ-Երևան Դաունթաուն» ծրագրի իրականացման համար նախնական հաշվարկով կծախսվի 2,5-3 մլրդ դոլար. ՍիվիլՆեթի հարցմանը ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանը չի մանրամասնում, թե ինչ աղբյուրներից է ներդրումային նախագիծը ֆինանսավորվելու։ Այս մասին գրում է Civilnet-ը:

««Նորագյուղ – Երևան Դաունթաուն» մեգանախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակման փուլում է, այժմ անցկացվում է ուսումնասիրություն, որի ավարտին հայտնի կդառնա ծրագրի իրականացման վերջնական արժեքը, բայց, նախնական հաշվարկով, այն 2,5-3 մլրդ դոլար է կազմում»,- նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում:

Կառավարության հունվարի 29-ի նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայատարարեց, որ Երևանի հարավարևմտյան մուտքի մոտ՝ Նորագյուղ թաղամասի և «Պասկևիչի բլուր» տարածքի շուրջ 81 հեկտարի վրա, նախատեսվում է հիմնել «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոն։ Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին և Տիգրան Ավինյանին արտոնեց պետության անունից պայմանագրեր կնքել երկու ընկերությունների հետ։

Տիգրան Ավինյանն ասել էր, որ նածագծի իրականացումը կտևի մոտ 10 տարի։

Քաղաքապետարանը չի մանրամասնում, թե ինչ ներդրողներ կամ կառույցներ են ֆինանսավորելու նախագիծը։ Պատասխանում նշվում է, որ նախագիծն իրականացվելու է մասնավոր ներդրումներով, պետական կամ համայնքային բյուջեից ֆինանսավորում չի լինելու։

Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել էր պետության անունից պայմանագիր կնքել ձեռք բերող մասնավոր ընկերությունների՝ «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ-ների հետ, որոնք էլ պետք է իրականացնեն օտարումը. ըստ որոշման՝ նրանք կլինեն այս նախագծի օպերատորները, բուն շինարարությանը մասնակցել չեն կարող։ Սա կարող է հիմք լինել տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու համար, ինչը թույլ կտա սկսել սեփականության օտարման և կառուցապատման գործընթացը։ Ավինյանը նշել էր, որ նախատեսվում է 70 հարկանի երկնաքերներ կառուցել:

Ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով են ընտրվել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունները, անցկացվե՞լ է արդյոք մրցույթ, ի՞նչ պարտավորություններ են ստանձնել ներդրողները պետության և համայնքի առաջ։ Քաղաքապետարանը պատասխանել է այսպես․ ««ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունները քաղաքապետարանին են ներկայացրել ֆրանսիական ճարտարապետական ընկերության մշակած՝ թաղամասի վերակառուցման էսքիզային առաջարկը, որին հավանություն է տվել քաղաքաշինական խորհուրդը»:

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ Նորագյուղ թաղամասի սեփականատերերին փոխհատուցում է տրվելու օրենքում կատարված փոփոխություններով՝ գույքի գնահատված շուկայական արժեք + 30%, նախկին՝ 15%-ի փոխարեն։ «Բնակիչները ընթացակարգի և ժամկետների մասին պաշտոնապես կտեղեկացվեն դարձյալ օրենքով նախատեսված կարգով»,- նշված է պատասխանում:

Քաղաքապետարանից նաև պարզաբանել են, որ Նորագյուղի և «Պասկևիչի բլուր» տարածքի նկատմամբ հանրային գերակա շահի ճանաչման իրավական և փաստական մեխանիզմները սահմանված են Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքով:

«Կառավարության որոշման ընդունումը իրավական հիմնավորում է, որ կան օրենքով սահմանված բոլոր նախադրյալները՝ այդ տարածքում նախատեսվող ներդրումային ծրագիրը քաղաքացիների սեփականության իրավունքի նկատմամբ գերակա գնահատելու համար»,- նշված է քաղաքապետարանի պատասխանի մեջ:

Share.